Հետևեք մեզ նաև Telegram-ում

Բանկերի կողմից հաճախորդներին տրվել են վարկային արձակուրդներ և նույնիսկ ֆինանսավորման սակավության պարագայում բանկերը շարունակել են տնտեսության վարկավորումը, այդ թվում ապահովելով Կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասն անդրադարձել է վարկային արձակուրդների տրամադրմանը և դրա հնարավոր ռիսկերին։ 

Վարկային արձակուրդի դեպքում բանկը շարունակելով կատարել ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները, մյուս կողմի հետ գալիս է համաձայնության՝ հետաձգել վճարումները. բնականոն գործունեության ընթացքում բանկը ավանդատուների նկատմամբ իր ունեցած պարտավորությունները իրականացնում է վարկառուների կարարած  մարումների հաշվին: Նրա խոսքով, այս տարիների ընթացքում բանկային համակարգը ավանդների տոկոսների տեսքով իրականացրել է տարեկան ՀՆԱ-ի  2.5 տոկոսի չափով՝ մոտ 120-130 մլրդ դրամի վճարումներ: Վարկային արձակուրդի դեպքում ավանդը մարելու համար բանկը պետք է ունենա որոշակի միջոցներ: Եթե բանկը ունենում է այդ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, նա դիմում է Կենտրոնական բանկին՝ իրացվելիություն ստանալու համար: Սակայն այդ իրացվելիությունն ունի գին: Այսինքն, երբ որ վարկը չի մարվում՝ բանկին անհրաժեշտ են լինում ֆինանսական միջոցներ՝ իր պարտավորությունները կատարելու համար և նա ստիպված կատարում է ծախսեր՝ իրացվելիություն ապահովելու համար: Այսինքն բանկերի ծախսերը աճում են: Մ. Գալստյանն ընդգծել է, որ վարկային արձակուրդ նորից տրամադրել նշանակում է, որ բանկերը պետք է շարունակական կրեն ծախսեր՝ չակնկալելով եկամուտների հոսք, ինչի արդյունքում կարող է խաթարվել ընդհանուր համակարգի կայունությունը: 

Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ երեք ամիսների ընթացքում  վերանայվել կամ հետաձգվել են 550 հազար ֆիզիկական և  17 հազար իրավաբանական անձի վարկային պարտավորություններ: Այս ընթացքում մոտ 1.3 տրլն դրամի  վարկային պարտավորություններ հետաձգվել են և բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ: Եթե վարկային արձակուրդի տրամադրման պրոցեսը լինի շարունակական, ապա բանկային համակարգը ուղղակի չի կարողանա դիմակայել: