Հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ էներգետիկայի նախարարույթունը վերանայել է 2020թ.-ի կանխատեսումները Brent տեսակի նավթի գների վերաբերյալ՝ մեկ բարելի համար 41.4 դոլարից բարձրացնելով մինչև 41.9 դոլար։ Կանխատեսման բարելավմանը նպաստել է թերթաքարային նախագծերում հորատման ակտիվացումը։ Սակայն ինչպես 2020թ.-ին, այնպես էլ 2021-ին նախաճգնաժամային մակարդակի վերականգնում չի կանխատեսվում։ Այս մասին նշված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության կառավարման գործակալության(EIA) կողմից հրապարակված հաշվետվության մեջ։ EconoMood-ն այս մասին տեղեկացել է Tass.ru-ից։

ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը գարնանը նվազել էր՝ օրական 12.7 մլն բարելից հասնելով մինչև 10 մլն բարելի։ Սակայն, արդեն օգոստոսին EIA-ն դրական տեղաշարժ է արձնագրել. արդյունահանման ծավալները հասել էին օրական 10.8 մլն բարելի։ 

«Աճը պայմանավորված էր նրանով, որ դժվար արդյունահանվող նավթի օպերատորները վերականգնեցին հորատման աշխատանքները»,-հայտնել են EIA-ից։ Ընդհանուր արդյունահանման ծավալներն ավելացան՝ նույնիսկ Լաուրա փոթորիկի պատճառով Մեքսիկական ծոցում որոշ հարթակների փակվելու հետ մեկտեղ։ 

Ըստ  EIA-ի՝ սեպտեմբերին ԱՄՆ ազգային արդյունահանման ծավալները կհասնեն օրական մինչև 11.2 մլն բարելի։ Սակայն սեպտեմբերից հետո արդյունահանման ծավալները կնվազեն և կայունանալով կգտնվեն օրական 11մլն բարելից մի փոքր ավելի ցածր մակարդակում, ինչը կպահպանվի մինչև 2021թ.-ի առաջին կիսամյակի վերջ։

Ըստ կանխատեսումների ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալները կկազմեն.

  • 2020թ.-ին՝ օրական 11.4 մլն բարել, 
  • 2021թ.-ին՝ օրական 12.2 մլն բարել։