2019թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.5%: ՏԱՑ-ի աճին նպաստող հիմնական գործոններից է եղել արդյունաբերությունը, որի արտադրանքի ծավալը 2019թ.-ի 11 ամիսներին հասել է 1.8 տրլն. ՀՀ դրամի, 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9.3%-ով:

Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ արտադրության բաժինների

 2019թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին արդյունաբերության մեջ արտադրության ճյուղերի տեսակարար կշիռների որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ 2019թ.-ի 11 ամիսներին մշակող արդյունաբերության տեսակարար կշիռը 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3%-ով՝ կազմելով 69%: Մշակող արդյունաբերության տեսակարար կշռի աճին զուգընթաց նվազել են հանքարդյունաբերության՝ 17.5%-ից 17.4%,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման՝ 15%-ից 12.3% և ջրամատակարարման ՝ 1.5%-ից 1.3% ճյուղերի կշիռները:

 

Մշակող արդյունաբերության աճը կազմել է 8.2%

2019թ.-ի հունվար-նոյեմբերին մշակող արդյունաբերության ծավալները կազմել են 1.28 տրլն ՀՀ դրամ, 2018թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 8.2%-ով:

Մշակող արդյունաբերության ոլորտում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել 5 ճյուղեր, սակայն այլ փոքր կշիռ ունեցող ճյուղերը էապես նպաստել են արդյունաբերության աճին:

Հայաստանի մշակող արդյունաբերության մեջ ամենամեծ կիշռ ունի սննդամթերքի արտադրությունը։ Հաջորդում են ծխախոտի ու խմիչքի արտադրությունը։ Էական կշիռ ունի նաև հիմնային մետաղների արտադրությունը։

2019թ.-ի 11 ամիսների ընթացքում սննդամթերքի արտադրության ծավալները, 2018թ.-ի 11 ամիսների համեմատ, աճել են 4.7%-ով, խմիչքի ծավալները՝ 14.4%-ով, ծխախոտի ծավալները՝ 9.7%-ով։

Հագուստին ու մանածագործական իրերի արտադրությունը նույնպես աճել է: Մանավորապես հագուստի արտադրության ծավալներն աճել են 19.6%-ով, իսկ մանածագործական իրերինը 1.7 անգամ։

Մշակող արդյունաբերության վիճակագրության մեջ մտահոգիչ են ոսկերչական իրերի  ու համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրության ցուցանիշները։ Նախորդ տարվա 11 ամիսներին ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը նվազել է 6.9%-ով, իսկ համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունը՝ 0.3%-ով: Հիմնային մետաղների արտադրանքի գծով նույնպես նկատվել է կրճատման միտում ՝ 4.4%։

Հանքարդյունաբերությունն աճել է 23.9%-ով

2019թ.-ի 11 ամիսների հանքարդյունաբերության ծավալը կազմել է շուրջ 323.4 մլրդ դրամ՝ 2018թ.-ի 11 ամիսների համեմատ ավելանալով 23.9%-ով։ Նշյալ ժամանակահատվածում մետաղական հանքաքարի արդյունահանումը կազմել է 310.9 մլրդ դրամ՝ աճելով 25%-ով։ Իսկ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերն աճել են 16.1%-ով։ Հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության ոլորտներն ապահովել են 638.8 մլն ՀՀ դրամ՝ նվազելով 69.5%-ով:

Էլեկտրաէներգիայի  արտադրության, հաղորդման ու բաշխման ծավալները կրճատվել են 0.9%-ով

Հաջորդ խումբը արդյունաբերության մեջ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումն է, որի ծավալներն այս տարվա հունվար-նոյեմբերին կազմել են 228.2 մլրդ ՀՀ դրամ` նվազելով 0.9%-ով։

Մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման ու բաշխման ծավալները կազմել են 193.9 մլրդ ՀՀ դրամ՝ կրճատվելով 3.3%-ով։

Ջրամատակարարման ոլորտում արտադրության ծավալները նվազել են 2.1 %-ով

Արդյունաբերության վերջին ենթախումբն է ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների կառավարումն ու վերամշակումը, որի ծավալները 2019թ.-ի հունվար-նույեմբերին կազմել են 23.1 մլրդ ՀՀ դրամ 2018թ.-ի 11 ամիսների համեմատ նվազելով 2.1%-ով: Այս ենթախմբի նվազման միտումը պայմանավորված է եղել թափոնների հավաքման, մշակման, ոչնչացման, վնասազերծման և նյութերի վերականգնման ծավալների 32.5 տոկոս նվազմամբ:

Պարզ է դառնում, որ արդյունաբերության ոլորտում առկա դրական արդյունքներին զուգահեռ, ոլորտում առկա են խնդիրներ, որոնց մասին վկայում է երկու ենթախմբերում ցուցանիշների նվազումը: Դրական է մշակող արդյունաբերության ոլորտի տեսակարար կշռի ավելացումը, ինչը վկայում տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին: