Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ընթացիկ տարին բավականին ծանր հարված հասցրեց համաշխարհային ողջ տնտեսությանը, սակայն համավարակի պատճառով փակված տնտեսությունների արդյունքում ահռելի մեծ կորուստներ կրեցին  նավթի վաճառքից մեծ կախում ունեցող երկրները. համավարակը հանգեցրեց նավթի շուկայում պահանջարկի կրճատման և առաջարկի ավելցուկի, ինչի արդյունքում նավթի գները կտրուկ անկում գրանցեցին (WTI տեսակի նավթը գինը մարտի 5-ին 45.9 դոլար էր մեկ բարելի դիմաց, իսկ ապրիլի 11-ին արդեն՝ 11.26 դոլար): Նավթի վաճառքներից մեծ կախում ունեցող  երկրների թվում են նաև այժմ Հայաստանի հետ ուղղակի և անուղղակի պատերազմող Ադրբեջանն ու Թուրքիան: 

Ասիական Զարգացման բանկի կանխատեսումներով, որը արվել է նախքան Հայաստանի դեմ պատերազմ սկսելը, Ադրբեջանի տնտեսությունը 2020թ.-ին գրանցելու է 4.3 տոկոս անկում: Ըստ պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Ադրբեջանի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  արդեն իսկ գրանցել է 3 տոկոս անկում: Ավելին՝ ըստ պաշտոնական տվյալների օգոստոսի կեսին Ադրբեջանի պետական բյուջեի պակասուրդը կանխատեսվել է, որ կկազմի ՀՆԱ 12.5 տոկոսը՝ տարեսկզբին կանխատեսված 2.3 տոկոսի փոխարեն: Անկման այս ցուցանիշները չնայած որ պաշտոնական են, սակայն կարող են իրականում ավելի խորը լինել. Ադրբեջանը տարեկան արտահանում է մոտ 20 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, ինչի 91 տոկոսը կազմում է նավթը: Ընդ որում՝ Ադրբեջանի 2020 թվականի պետական բյուջեն կազմվել է նավթի  1 բարելի համար 55 ԱՄՆ դոլարի հաշվարկով։ Սակայն տնտեսական խնդիրների լուծման, վերականգնման փոխարեն  կամ այդ խնդիրներն արդարացնելու համար Ադրբեջանը պատերազմ սկսեց՝  իր ահռելի կորուստներով ու ծախսերով, ինչն իր համարժեք պատասխանը ստացավ նաև նավթային բորսայում. այսօր՝ հոկտեմբերի 1-ին նավթային բորսայում ադրբեջանական նավթի գինը կրկին ընկել է, այս անգամ  3.16 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 42.93 ԱՄՆ դոլար: Եվ սա դեռ վերջը չէ. պարերազմող Ադրբեջանի տնտեսությունը շուտով կարձանագրի նաև կապիտալի մեծ արտահոսք:

Հուսադրող չէ նաև Թուրքիայի տնտեսական վիճակը. տարեկան կտրվածքով Թուրքիայի տնտեսությունը արդեն գրանցել է 10 տոկոս անկում: Այս տարվա ընթացքում Թուրքիան իր արտարժութային ակտիվները  74 մլրդ դոլարից արդեն հասցրել է 45 մլրդ դոլարի, որից 44 մլրդ-ը ըստ Մուդիսի գնահատման, առևտրային բանկերի ռեզերվներն են. ստացվում է, որ պետությունը գրեթե գումար չունի: Ֆինանսական ապահովման միջոցների նման խոշոր անկման հետևանքով էլ Մուդիսը դեռ սեպտեմբերի սկզբին նվազեցրել է Թուրքիայի սուվերեն վարկանիշը սահմանելով այն B2` զգուշացնելով, որ Թուքիային սպասում է Վճարային հաշվեկշռի մեծ ճգնաժամ:

Համավարակը, նավթի գների անկումը, բնական աղետները, ինչպես նաև պատերազմական իրավիճակը և դրանով պայմանավորված թուրքական լիրայի զգալի արժեզրկումը դեռ շատ երկար ժամանակ իրենց կործանարար ազդեցությունը կթողնեն թուրքական տնտեսության վրա: Միայն սեպտեմբերի 28-ին՝ Արցախի վրա հարձակվելու հենց հաջորդ օրը թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ գրանցեց պատմականորեն ցածր՝ 7.67 լիրա ցուցանիշ: Եվ չնայած Թուրքիայի ընդհանրապես անկախություն չվայելող Կենտրոնական գործադրած ջանքերին և վերջին ճիգերին՝ հոկտեմբերի 1-ին, թուրքական լիրան կրկին արժեզրկվեց՝ կազմելով 7.71 լիրա 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Ի թիվս այլ քաղաքական գործոնների սրան նպաստում են նաև Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը Արցախյան հակամարտությանը և արդեն միջազգային հանրության հայտարարությունները խնդրի վերաբերյալ։