Հետևեք մեզ նաև Telegram-ում

2020թ. առաջին կեսին Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 5,7%: ՀՆԱ-ի կրճատման հիմնական պատճառ է հանդիսացել կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը: Այս մասին նշված է ԵԱԶԲ վերլուծական աշխատանքի գծով Տնօրինության կողմից պատրաստած Հայաստանին վերաբերող մակրոտնտեսական զեկույցում։ EconoMood-ն այս մասին տեղեկացել է Banks.am-ից։

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսմամբ՝ 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5%-ով, սակայն 2021-2022 թթ. աճի միտում կարձանագրվի:

«Երկրում նկատվում է սպառողական և ներդրումային պահանջարկի կրճատում՝ պայմանավորված սանիտարական սահմանափակումներով, եկամուտների կրճատմամբ, այդ թվում՝ արտասահմանից ստացվող դրամական փոխանցումների տեսքով, ինչպես նաեւ զբաղվածության նվազմամբ եւ անորոշության աճով»,- ասված է զեկույցում:

ԵԱԶԲ կանխատեսման բազային սցենարի համաձայն՝ 2021-2022թթ. տնտեսությունում կանխատեսվում է վերականգնողական աճ տարեկան 7-9%-ի սահմաններում, ինչը պայմանավորված կլինի այնպիսի գործոններով, ինչպիսիք են դրամական փոխանցումների ծավալների ընդլայնումը, արտահանվող ապրանքների գների ավելացումը, ինչպես նաև հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության խթանումը:

Զեկույցում նշվում է, որ գնաճը մնացել է ՀՀ կենտրոնական բանկի նպատակային միջակայքից ցածր (4 ± 1,5%)`հունիսին կազմելով 1,7%, իսկ օգոստոսին՝ 1,8%: