Հետևեք մեզ նաև Telegram-ում

Թուրքիան տարեկան արտահանում է ավելի քան 170 մլրդ դոլարի ապրանք, որից Հայաստանին բաժին է ընկնում մոտ 0,1%-ը։ Նույնքան էլ կազմում է Թուրքիայի տեսակարար կշիռը մեր արտահանման կառուցվածքում։ Ներմուծման մեջ Թուրքիայի կշիռը ըստ ապրանքի ծագման երկրի կազմում է մոտ 5%, իսկ ըստ արտահանող երկրի ներմուծման մեջ տատանվում է 3%-ի շրջակայքում։ 

2019 թվականի տվյալներով Թուրքիայից Հայաստան ենք ներմուծել ավելի քան 268 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ շուրջ 96 մլն դոլարի ապրանք։ 

Դիտարկելով վերջին տարիների հայ-թուրքական առևտրաշրջանառության վիճակագրությունը, նկատում ենք, որ ընդհանուր առմամբ երկու երկրների առևտրաշրջանառությունն ավելացել է՝ ի հաշիվ ներմուծման ծավալների ավելացման։ Չնայած 2015 թվականին 2014 թվականի համեմատ ներմուծման գծով գրանցված կտրուկ անկմանը՝ 2015 թվականից սկսած այն անշեղորեն ավելացել է։ Վերջին 5 տարվա ընթացքում ավելացել է ներմուծումը թե՛ ըստ ապրանքի ծագման երկրի ցուցանիշի, ինչը նշանակում է, որ սկսել ենք ավելի շատ ներմուծել թուրքական ծագմամբ ապրանքներ, և թե՛ ըստ արտահանող երկրի ցուցանիշի։ Այստեղ կարևոր ենք համարում նշել, որ  ներմուծման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ առևտուր անող երկրի, եթե ապրանքի ծագման երկիրը և արտահանման երկիրը հայտնի չեն: Վերջինիս գծով բացառություն է կազմում 2019 թվականը, երբ կոնկրետ Թուրքիայից ներմուծումը կրճատվել է, սակայն միաժամանակ աճ է գրանցվել թուրքական ապրանքների ներմուծման գծով։ Նույնիսկ 2017 թվականին 2016 թվականի համեմատ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումն ավելացել է շուրջ 36 տոկոսով, իսկ դրան հաջորդող տարիներին աճի տեմպը համեմատաբար դանդաղել է:

Թուրքիայից մենք հիմնականում ներմուծում ենք.

  • տեքստիլ արտադրանք (գործվածքներ, տրիկոտաժե հագուստ,կոստյում, ժակետ և այլն), 
  • կոշիկ,
  • ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր, 
  • հանքանյութեր, մասնավորապես ոչ հում նավթ և նավթամթերք, 
  • փայտանյութեր, 
  • պլաստամսա դրանից պատրաստված իրեր (ճաշի և խոհանոցային սպասք, պլաստմասայից սալիկ, թերթ և այլն), 
  • քիմիական և հարակից արդյունաբերության արտադրանքներ(լվացող, մաքրող միջոցներ, հոտազերծիչ, սափրվելու, լվացվելու միջոցներ), 
  • մեքենա սարքավորումներ (սառնարան, սառցարան, էլեկտրական ջեռուցիչ և այլն),
  • բուսական ծագմամբ ապրանքներ (ցիտրուսային պտուղներ, լոլիկ, այլ բանջարեղեն կամ միրգ) 
  • այլ արդյունաբերական արտադրանք (կահույք, դրա մասեր և այլն): 

Ոչ մեծ քանակությամբ, բայց ներմուծել ենք նաև պատրաստի արտադրանք, մասնավորապես ալյուրից հրուշակեղեն:

Ինչ վերաբերում է արտահանմանը

2019 թվականին Հայաստանից Թուրքիա ենք արտահանել 2223.9 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, մասնավորապես. 

  • ոսկերչական իրեր, 
  • հիմնականում խոշոր եղջերավորների անմշակ մորթիներ, 
  • բժշկության մեջ կիրառվող սարքեր, 
  • սարքավորումներ և այլն։ 

Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալների փոփոխությունը մեկ ուղղությամբ դինամիկ չէ, օրինակ 2019-ին 2018-ի նկատմամբ կրճատվել է, սակայն 2016-ին 2017-ի համեմատ ավելացել։

Էմբարգո՞ թուրքական ապրանքների նկատմամբ

Թուրքիան Հայաստանի արտաքին առևտրի խոշոր գործընկերների տասնյակում է։ Վերջին իրադարձությունների ֆոնին ակտիվացել են խոսակցությունները թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգո սահմանելու, թուրքական ապրանքների հոսքը դադարեցնելու ու դրանք չսպառելու վերաբերյալ: Օրերս «Նոր Զովք», «Երևան Սիթի», «Սաս», «Ծիրան» սուպերմարկետային ցանցերը հայտարարել են թուրքական ապրանքները վաճառքից հանելու մասին։ 

Վիճակն առավել լավ պատկերացնելու համար ներկայացնենք Թուրքիայից Հայաստան ներկրվող հիմնական ապրանքներն ու դրանց կշիռները ընհանուր ներմուծման կառուցվածքում։ Այսպես՝ 2019-ի տվյալներով Թուրքիայից Հայաստան ներկրված ամենամեծ ծավալն ունեցող ապրանքատեսակներից մեկի՝ այլ տրիկոտաժե հագուստի գծով ընդհանուր ներմուծման մեջ Թուրքիայի բաժինը կազմում է ավելի քան 60%։ Թուրքիայից Հայաստան ներկրման մեջ մեծ կշիռ ունի նաև ոչ հում նավթը և նավթամթերքը։ Սրա գծով դեպի Հայաստան ընդհանուր ներմուծման մեջ Թուրքիայի կշիռը 8 տոկոս է։ Երրորդ ամենամեծ ծավալ ունեցող ապրանքատեսակներից են ցիտրուսային թարմ կամ չորացված մրգերը, որոնց ներկրման ընդհանուր ծավալների կեսից ավելին բաժին է ընկնում Թուրքիային։ 

Հարկ է նշել, որ նախքան նման որոշումների կայացումը, նույնիսկ չանդրադառնալով ԱՀԿ անդամ հանդիսանալու հանգամանքին, պետք է գնահատել մեր երկրի ներմուծման փոխարինման կամ ներմուծման աշխարհագրության դիվերսիֆիկացման հնարավորությունները։ Միանշանակ չբացառելով երկարաժամկետում Հայաստանում նման հնարավորությունների իրացումը, կարճաժամկետում այն ենթադրում է սպառողական վարքագծի փոփոխություն, գործարար միջավայրի հետ համագործակցություն, ներմուծման փոխարինման քաղաքականություն՝ ավելի հարթ անցում կատարելով թուրքական ապրանքներից հրաժարմանը։