Հետևեք մեզ նաև Telegram-ում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին օտարերկրյա տարբեր երկրներից ցամաքային և օդային ճանապարհներով որպես օժանդակություն Հայաստան են ուղարկվում աննախադեպ քանակությամբ ապրանքներ: Արցախի և Հայաստանի  Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները կրկին համախմբել են աշխարհի հայությանը, որը ջանք և եռանդ չի խնայում` հնարավոր բոլոր միջոցներով սատար կանգնելու հայոց բանակին և հայ զինվորին:

Ողջունելով և բարձր գնահատելով համայն հայության դրսևորած հոգատարությունը, կարևորելով ստացված միջոցների` ըստ նպատակի օգտագործումը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ` որպես օգնություն ՀՀ ուղարկված ապրանքները հավաքագրելու, ըստ առաջնային նշանակության ու նպատակային դրանք տեղաբաշխելու աշխատանքները համակարգելու համար: 

Հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է մեր հայրենակիցներին ապրանքները Հայաստան տեղափոխելիս խստորեն պահպանել դրանք ստանալու, պատկան մարմիններին հանձնելու կարգը` հետևելով մաքսային ծառայողների համապատասխան ցուցումներին: