Հետևեք մեզ նաև Telegram-ում

«Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ». ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։

Այսօր, ըստ էության, տեղի են ունենում 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ գործողություններ, և յուրաքանչյուրիս պարտքն է այս պատերազմում մեր ռացիոնալ ու բանական վարքագծով սատար կանգնել մեր երկրին, մեր բանակին ու տնտեսությանը։

Պատերազմը խարխլում է ամեն ինչ. հանգեցնում մարդկային կորուստների դրանց ծանր հետևանքներով: Պատերազմը մեծացնում է աղքատությունը: Պատերազմը նվազեցնում է աճի ներուժը՝ մարդկային և ֆինանսական կապիտալը սպառելով, ոչնչացնելով ենթակառուցվածքները, պարալիզացնելով տնտեսությունը: Պատերազմը թուլացնում է ինստիտուտները: Մի երկրում պատերազմը վնասում է հարևան երկրներին, տարածաշրջանին, իսկ ներկայիս գլոբալացման դարաշրջանում՝ ներգրավում մի շարք երկրներ նաև այլ տարածաշրջաններից: Հայ ժողովուրդը լավ գիտի ինչ է պատերազմը, սակայն հարկավոր է ևս մեկ անգամ հիշեցնել բոլորին, թե ինչքան կարևոր է հիմա յուրաքանչյուրիս ռացիոնալ վարքագիծը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2020թ.-ի սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ամբողջությամբ մարել է դեբյուտային արտարժութային պետական պարտատոմսերը՝ վճարելով 100.6 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ արժեկտրոնի գումարը՝ 2.9 մլն ԱՄՆ դոլար):

Բացի այն, որ Ֆինանսների նախարարությունը՝ չնայած պատերազմական իրավիճակին, ճիշտ ժամանակին կատարում է իր պարտավորությունները, ռիսկի տակ չդնելով ՀՀ վճարունակությունը, սա իր մեջ մի շատ կարևոր մեսիջ է պարունակում. մեր երկրի ֆինանսական կայունության տեսանկյունից կարևոր է, որ ցանկացած քաղաքացի դրսևորվի նման ռացիոնալ վարքագիծ։ Հասկանալի է, որ ներկա լարված իրավիճակում շատ դժվար է իրականացնել բնականոն տնտեսական գործունեություն, սակայն յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ՀՀ բանակին նախևառաջ օգնում են իրենց վճարած հարկերով։  

Անկայունության և անորոշության ռիսկը չպետք է հանգեցնի խուճապի տարածման, չպետք է անվստահություն առաջացնի բանկային համակարգի նկատմամբ. մի փորձեք խուճապահար հետ վերցնել դրված ավանդներն ու դրանով իսկ ռիսկի տակ դնել բանկային համակարգի կայունությունը։

Ի տարբերություն մեր հակառակորդների՝ ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է, խուճապային դրսևորումներ չկան, այնինչ, թուրքական լիրան՝ ղարաբաղյան վերջին իրադարձություններից հետո, երբ միջազգային հանրությանը հայտնի դարձավ, որ անմիջական մասնակցությամբ ներքաշված է Արցախում ծավալված ռազմական գործողությունների մեջ, հասցրել է արժեզրկման տեսքով հերթական պատմական մինիմումը գրանցել։ Ինչպես Bloomberg-ն է նշում թուրքական լիրան նոր հակառեկորդ է գրանցել դոլարի նկատմամբ, ինչը պայմանավորված է Կովկասում հակամարտության վերաթեժացման եւ այլ գործոնների հետ։  

Միևնույն ժամանակ, այս օրերին բազմաթիվ ազդակներ հնչեցին ինչպես ֆինանսական կառույցներից, այնպես էլ տարբեր փորձագետներից առ այն, որ այս ընթացքում դրամի փոխարժեքը շուկայի հիմնական արժույթների նկատմամբ պահպանել է կայունությունը, և անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա։ Որոշակի տատանումներ, անշուշտ, եղել են, բայց դրանք հեռու են կտրուկ դրսևորումներից։

Թեմայի շուրջ առանձնացրել ենք որոշ փորձագիտական դիտարկումներ.

  • ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը ընդգծել է, չնայած պատերազմական իրավիճակին՝ երկրում ֆինանսական կայունության որևէ խնդիր չկա, և կարևոր է տնտեսական ակտիվությունը պահպանել։
  • Տնտեսագետ Հայկ Մնացականյանի դիտարկմամբ՝ ՀՀ ֆինանսական համակարգը բավականին կայուն է և բավականին կապիտալիզացված. «Ակտիվներով ֆինանսական համակարգում մեծ տեսակարար կշիռ ունեցող բանկային համակարգը կապիտալով համալրված է: Կարճաժամկետ հատվածում թե՛ տնտեսությունը, թե՛ ֆինանսական համակարգը կայունություն կցուցաբերեն: Երկարաժամկետ հատվածում կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ՝ կապված վարկերի վերադարձի և տնտեսության կառուցվածքից բխող խնդիրների հետ»:
  • Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ 2016թ.-ի Ապրիլյան պատերազմից հետո 2019թ.-ին արդեն Ադրբեջանի ՕՈՒՆ-ները կրճատվել են մոտ 3 անգամ, ինչը խոսում է այն բանի մասին, որ Ադրբեջանը կորցրել է վստահությունը խոշոր ներդրումային կազմակերպությունների կողմից:
  • Տնտեսագետ Կարեն Ադոնցը որևէ տնտեսական լուրջ խնդիր կապված դրամի արժեզրկման, բանկային և ֆինանսական համակարգի հետ այս պահին չի տեսնում։ Ըստ նրա՝ ավելորդ խուճապ և խոսակցություններ պետք չեն, իսկ գլխավորն այն է, որ լուծվի անվտանգության խնդիրը։
  • Գործարար Վահրամ Միրաքյանի կարծիքով՝ ցանկացած պատերազմ նաև ռեսուրսների պատերազմ է, տնտեսական ռեսուրսների, իսկ տնտեսական ռեսուրսներ ունենալու համար անհրաժեշտ է, որ տնտեսությունը չպառալիզացվի, բիզնեսն աշխատի։

Տեղեկացնենք նաև, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նպաստավոր հարկային միջավայր, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց մինչև 2020թ.-ի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու որոշում կայացնելու պարագայում լրացուցիչ հարկային հետևանքներ չկրեն: Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ դժվար իրավիճակում հայտնված քաղաքացիներին օգնելու նպատակով, եթե բանկերը ընդառաջ քայլ են կատարում, պետությունը նույնպես քայլ է անում` հարկերից ազատում է, վերջնական որոշումը թողնվելու է բանկերի վրա, իրենք են որոշելու ում պարտավորությունները ներել։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունվել է նախագիծ, որով հնարավորություն կտրվի սոցփաթեթից օգտվող անձանց այդ գումարներն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովվող ծրագրերի իրականացմանը։

Այսպիսով, ներկայումս, առավել քան երբևէ կարևոր է  բարձրացնել այն գիտակցումը, որ յուրաքանչյուրիս ռացիոնալ վարքագիծն ապահովում է մեր երկրի ֆինանսական կայունությունը և պայմաններ ստեղծում երկարաժամկետ հատվածում տնտեսության վերականգնման համար:

#ՀաղթելուԵնք

 

  • Թուրքական լիրայի նոր ռեկորդային ցածր մակարդակի վերաբերյալ կարդացեք մեր նոր հրապարակումը՝  https://economood.am/n/1216