Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը ժամանակավորապես արգելելու առաջարկ է ներկայացրել։

Նախագիծն արդեն քննարկման է դրվել, ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից և կգործի 6 ամիս ժամկետով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններում:

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը: 

Հարկ է նաև ընդգծել, որ մեր տնտեսավարողների ու բնակչության որոշ մասն արդեն իսկ կամավոր կերպով արձագանքել են թուրքական ծագման ապրանքների նկատմամբ իրենց վերաբերմունքը՝ սահմանափակելով դրանց վաճառքը և ձեռնպահ մնալով նմանատիպ ապրանքների ձեռքբերումից:

Նախարարությունից հայտնում են, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ, ինչն, իհարկե, առավել նախընտրելի է:

 

2019 թվականին Թուրքիայից ներմուծված 128 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների կազմում, նախնական գնահատականներով վերջնական սպառման ապրանքները կազմում են մոտ 100 մլրդ դրամ։ Միջանկյալ սպառման ապրանքների արժեքը կազմում է 28 մլրդ դրամ։

 

Կարդացեք նաև՝ «Այլ տրիկոտաժե հագուստի» 60%-ը ներկրվում է Թուրքիայից»