Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ պետական պարտքը սեպտեմբերի վերջի դրությամբ նվազել է։ Հայաստանը սեպտեմբեր ամսվա ընթացքում մարել է պետական պարտքը 113 ԱՄՆ մլն դոլարով։ 2020 թվականի սեպտեմբերին հիմնականում մարվել է արտաքին պարտքը՝ 80 ԱՄՆ մլն դոլարով, իսկ ներքինը՝ 33 մլն դոլար։ Այս մասին EconoMood-ը տեղեկացել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի ամսական հաշվետվությունից։ 

Վերջին ամիսներին ՀՀ դրամը դոլարի նկատմամբ դրսևորել է հարաբերական կայունություն, իսկ ՀՀ պետական պարտքի մոտ 80 տոկոսն արատարժույթով ձևավորված պարտքն է, իսկ մնացածն արդեն` ՀՀ արժույթով։

Հոկտեմբերին ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 20 մլրդ ՀՀ դրամ ծավալի գանձապետական պարտատոմսեր 30 տարի ժամկետայնությամբ, այն ժամանակ, երբ պահանջարկն ավելի շատ էր՝ 50 մլրդ ՀՀ դրամի։ Տեղաբաշխված  գանձապետական պարտատոմսերը  պետք է  մարվեն 2050 թվականի հուլիսին, որի եկամտաբերությունը կազմում է 9.75 տոկոս: 


ՀՀ Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը նշել է. «Սա նշանակում է, որ պատերազմի օրերին մեր հասարակությունը խուճապի մեջ չէ, անորոշություններ չի տեսնում։ Ինչպես այս տարվա ապրիլին են 30 տարով պարտատոմսեր գնել, այնպես էլ՝ հոկտեմբերին։ Դա ցուցիչ է, որ ժողովուրդը հավատում է և՛ երկրին, և՛ բանակին»։