Հետևեք մեզ նաև Telegram-ում

Մինչ Թուրքիայի տնտեսությունը անկում է ապրում  կորանավիրուսի տարածման, դրա հետևանքների, բնական աղետների, գնաճային ճնշումների ու թուրքական լիրայի արժեզրկման պայմաններում, նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին բոյկոտել ֆրանսիական  ապրանքները կրոնական վեճի ֆոնին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ բոյկոտի կոչերն անհիմն են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Ֆրանսիայի արտաքին առևտրի նախարար Ֆրենկ Ռիեստերը հայտարարել է, որ Ֆրանսիան չի բոյկոտի թուրքական արտադրանքը: Սակայն, ըստ  Europe 1 ռադիոյի տեղեկությունների, Ֆրանսիան մտադիր է մի շարք պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, որոնց թվում է նաև ներմուծման սահմանափակումը:

Որպես բողոքի նշան, ֆրանսիական ապրանքներից հրաժարվել են նաև մի շարք Մերձարևելյան երկրներ. մասնավորապես Քաթարի Al-Meera և  Souq al-Baladi խոշոր առևտրի կետերը արդեն իսկ հայտարարել են ֆրանսիական ապրանքները բոյկոտելու մասին: Նման հայտարարություններով հանդես են եկել նաև Պակիստանում, Ալժիրում և Հորդանանում:

Հիշեցնենք, որ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու պատճառ է հանդիսացել Ֆրանսիայում մուսուլմանական թեմատիկայով ծաղրանկարների, կարիկատուրաների տարածումը: Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ էր տվել «հոգեկան առողջության ստուգում անցնել»՝ դատապարտելով նրա վերաբերմունքը մուսուլմանների նկատմամբ։ Սրանից հետո Ֆրանսիան Թուրքիայում իր դեսպանին հետ էր կանչել խորհրդակցության։