Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը  մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին փոփոխությունը, ըստ որի՝ նախատեսված է հարկերից ազատում ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծման պարագայում ԵԱՏՄ անդամ երկրներից։

Ա. Պողոսյանի խոսքով՝ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվում առանց հարկային և մաքսային պարտավորություններ կրելու ԵԱՏՄ երկրներից ապրանքներ ներկրնել և հանձնել օրենքով սահմանված պետական կառավարման մարմիններին, նախարարություններին որպես շահառուներ, որոնց ցանկը սահմանված է նշյալ օրենքով։

Տվյալ դեպքում, խոսքը վերաբերում է ներմուծված ապրանքները ավելացրած արժեքի հարկից(ԱԱՀ), ակցիզային հարկից և բնապահպանական վճարից ազատելու մասին։ 

Այս հնարավորության շրջանակներում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք կարողանում են ԵԱՏՄ երկրներից ապրանքները հասցնել վերջնական շահառուին առանց հարկային և մաքսային պարտավորություններով ծանրաբեռնվելու։ Օրենքով նախատեսված է, որ Կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ կկիրառվեն արտոնությունները. նպատակը կայանում է նրանում, որ աջակցությունը լինի առավել արդյունավետ և հասցեական։

Հատկանշական է, որ օրենքը ունի անցումային կարգավորումներ. քանի դեռ կառավարությունը ցանկը չի սահմանել և չի հրապարակել, նշված արտոնյալ կարգավորումները կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ։ Սա պայմանավորված է նրանով, որ շատ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք ռազմական դրության հայտարարման առաջին օրերից սկսած ներկրել և պետական կառավարման տարբեր մարմինների հանձնել են լայն շրջանակի ապրանքների տեսականի, ուստի անցումային կարգավորումները հնարավորություն են ընձեռում մինչև ցանկի հրապարակումը՝ արտոնյալ կարգավորումները կիրառել բոլոր ապրանքների նկատմամբ, իսկ ցանկի սահմանումից հետո կիրառել միայն ցանկում նշված ապրանքների համար։

Նաև նախատեսված է, որ այս գործընթացը պետք է որոշակիորեն փաստաթղթավորվի, պարզագույն կանոններ են նախատեսված։ Մասնավորապես՝ կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերով պետք է փաստաթղթավորեն այս ապրանքների հանձնումը, իսկ Ա/Ձ չհամարվող ֆիզ. անձինք կամ պարզապես քաղաքացիները՝ ցանկացած վավեր համարվող փաստաթղթով կարող են իրենց կողմից ներկրված և պետական  կառավարման մարմիններին հանձնվող ապրանքները փաստաթղթավորել։

Ցանկը կսահմանվի առաջիկա օրերի ընթացքում։