Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է կառավարության նոր նախաձեռնությունը, ըստ որի հնարավորություն է ընձեռնվում, որպեսզի բանկերը և վարկային կազմակերպությունները առանց հարկային հետևանքներ կրելու կարողանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև նրանց հետ առաջնահերթորեն փոխկապակցված անձանց, տվյալ դեպքում ամուսնու, համատեղ ապրող ծնողի կամ համատեղ ապրող զավակի վարկային պարտավորությունները։

Նպատակն է շահառու համարվող անձանց կամ նրանց հետ փոխկապակցած անձանց ամբողջությամբ ազատել վարկային պարտավորությունից։

Արման Պողոսյանն ընդգծել է, որ ի տարբերություն նախկինում նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունների՝ այս նախաձեռնությունը դրականորեն տարբերվում է նրանով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն տույժերին և տուգանքներին, ինչպես նախորդ դեպքերում է եղել, այլև վարկային պարտավորությանը այն է՝ վարկի մայր գումարին։

Պողոսյանը շեշտել է, որ օրենքը հնարավորություն է ստեղծում բանկերի և վարկային կազմակերպությունների համար, սակայն այն չի կարող պարտադրել վերոնշյալ կազմակերպություններին։  Այլ կերպ ասած, պետությունը օրենքի ընդունմամբ հրաժարվում է իրեն հասանելիք հարկերից, իսկ բանկերին և վարկային կազմակերպություններին էլ առաջարկում է հրաժարվել իրենց հասանելիք գումարից, այդպիսով բեռը բաշխելով ֆիանսական կառույցների և պետության միջև, իսկ բանկերը և վարկային կազմակերպություններն այս որոշումը կայացնելու են ելնելով իրենց սեփական քաղաքականության սկզբունքներից։ Սակայն ի ուրախություն նշենք, որ բանկերը և վարկային կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել իրապես օգտվել այս գործիքի ընձեռած հնարավորություններից և առավելագույն մեծ ծավալով վարկային պարտավորություններ ներել։