Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովում այսօր  մեկնարկել են «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

2021 թվականի պետական բյուջեի նախագծով կանխատեսվել է, որ 2020 թվականը կամփոփվի 6 տոկոս տնտեսական անկմամբ, իսկ 2021 թվականին արդեն գրանցվի տնտեսական աճ՝ 4,8 տոկոս, 2021-2023թթ ՄԺԾԾ-ով կանխատեսվել էր 7 տոկոս։ 2020 թվականին կառավարության պարտքը կաճի՝ կազմելով համախառն ներքին արդյունքի 64,9 տոկոսը, իսկ 2021 թվականին՝ 63,2 տոկոսը։ 

 ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, մասնավորապես.

  • ՀՀ տնտեսությունը «V-աձև» զարգացում է ունենալու, ամենամեծ տնտեսական անկումը գրանցվելու է երկրորդ եռամսյակում, որից հետո երրորդ եռամսյակից սկսած տնտեսությունը սկսելու է վերականգնվել։  
  • ԱՄՀ-ի կանխատեսումներին համապատասխան գնահատվում է, որ Հայաստանի հիմ­նական գործընկեր երկրների, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եվրագոտու արտաքին պահանջարկը 2020թ. միջինում կկրճատվի 7.5%-ով, իսկ 2021թ. կաճի 5.3%-ով։ 
  • Նավթի համաշխարհային գների անկումը 2020թ. կշարունակվի, պղնձի գները երրորդ եռամսյակից կսկսեն վերականգնվել՝ տարեվերջին գրանցելով փոքր անկում: Ակնկալվում է, որ 2021թ. նավթի միջազգային գները ևս կսկսեն վերականգնվել:
  • Արտաքին զարգացումներով, մասնավորապես Ռուսաստանի տնտեսական անկմամբ պայմանավորված՝ 2020թ. գնահատվում է դրամական փոխանցումների կրճատում, իսկ 2021թ.՝ որոշակի վերականգնում:
  • 2020թ. ենթադրվել է համավարկի հետևանքների չեզոքացմանն ուղղված խթանող հարկաբյուջետային միջոցառումների՝ 150 մլրդ դրամի ամբողջական օգտագործում, ինչպես նաև հաշվի են առնվել շահութահարկի կանխավճարների համակարգում իրականացված բարեփոխումների հետևանքով տնտեսավարող սուբյեկտների մոտ խնայված շրջանառու շուրջ 65 մլրդ դրամ միջոցները, և COVID-19-ի կանխարգելման և բուժման նպատակով առողջապահության ոլորտին հատկացված ծախսերի աճը, որը ըստ առկա վերջին տվյալների (սեպտեմբերի 17-ի դրությամբ) կազմել է 16.8 մլրդ դրամ:
  • 2020 թվականի պետական բյուջեի ընթացիկ զարգացումների վրա զգալի ազդեցություն են ունեցել COVID-19 համավարակի արագ տարածումը, դրա կանխման նպատակով կիրառված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աշխարհի տնտեսական և աշխարհագրական սահմանափակումները, ինչպես նաև ՀՀ կառավարության հակաճգնաժամային գործողությունները՝ հանգեցնելով հարկային եկամուտների նվազմանը և ընթացիկ ծախսերի աճին: Արդյունքում  2020թ.-ին սպասվում է պետական բյուջեի պակասուրդի՝ նախորդ տարվա համեմատ 5.1 և կառավարության պարտքի՝ 15.0 տոկոսային կետով աճ:

2020թ.-ին սպասվում է, որ պետական բյուջեի պակասուրդը կկազմի համախառն ներքին արդյունքի 6,1 տոկոսը, իսկ 2021 թվականին կկազմի 4,1 տոկոս:  2021 թվականին կանխատեսվող տնտեսական վերականգնման, հարկային վարչարարության բարելավման և ստվերի դեմ պայքարի արդյունքում ակնկալվում է հարկեր/ՀՆԱ-ի բարելավում շուրջ 0.6 տոկոսային կետով:

Ըստ 2021 թվականի նախագծի՝ պետական բյուջեի եկամուտները  և պաշտոնական տրանսֆերտները 2020 թվականին կկազմեն 1,4 տրիլիոն դրամ, իսկ 2021 թվականին՝ 1,57 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը համապատասխանաբար կկազմեն 1,82 տրիլոն դրամ և 1,84 տրիլիոն դրամ։ Պետական բյուջեն 2020 և 2021 թվականներին լինելու է պակասուրդային՝ կազմելով համապատասխանբար 384 մլրդ դրամ և 274 մլրդ դրամ։