Հետևեք մեզ նաև Telegram-ում

Թուրքիայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել:  Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ հրաժարական է տալիս առողջական վիճակի պատճառով, այն ժամանակ երբ լիրան գտնվում է արժեզրկման ծանր ճնշումների տակ: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է Financial Times-ից:

Ալբայրաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով` հինգ տարի շարունակ քաղաքական պաշտոն զբաղեցնելուց հետո: Այս հայտարարությունը հաստատել է Ալբայրաքի խոսնակը, բայց վերջինս մնում է չհաստատված մինչև Էրդողանի կողմից պաշտոնական հայատարարությունը:   Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ բարձրաստիճան ներկայացուցիչն է Թուրքիայի ֆինանսների ոլորտում, որը հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Ալբայրաքը տեղեկացրել է, որ հրաժարական է տալիս, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր ընտանիքի հետ, որին նա պատշաճ ուշադրության չի արժանացրել կառավարությունում աշխատելու հինգ տարիների ընթացքում:

Columbia Threadneedle-ի վերլուծաբան Էդ Ալ-Հուսեյնը նշել է, որ այս քաղաքականությունը լարվածություն է ստեղծում լիրայի համար, որն արդեն հասել էր իր ռեկորդային ցածր մակարդակին: Հրաժարականի հայատարարությունից հետո երկուշաբթի՝ այսօր, նորից գրանցվել է 2 տոկոսով լիրայի արժեզրկում: 

Ալբայրաքը վերջին երկու տարին զբաղեցնելով ֆինանսների նախարարի պաշտոնն առնչվել է մի շարք խնդիրների` կապված օտարերկրյա ներդրողների, ընդդիմադիր ուժերի և իշխանության «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ: 

«Արդարություն և զարգացում» կուսակցության հետ առնչություն ունեցող երկու անձ հայտնել են, որ Ալբայրաքը և Թուրքիայի Կենտրոնական բանկի նորանշանակ նախագահ Նացի Ագբալի հետ հարաբերությունները բավականին լարված են, ով նշանակվել է պաշտոնին շաբաթ օրը` Էրդողանի կողմից նախկին նախագահ Մուրաթ Ույսալային աշխատանքից հեռացնելուց հետո: 

2020 թվականի սկզբի համեմատ լիրան արդեն իսկ արժեզրկվել է 30%-ով, իսկ միջազգային պահուստները վերջին 20 տարվա ընթացքում հասել են իրենց պատմական նվազագույն շեմին: Դեռևս սեպտեմբերին Moody’s վարկանիշային գործակալությանը նշել էր, որ Թուրքիան սպառել է արտաքին բուֆերներց օգտվելու հնարավորությունը: Իսկ թե ինչը թույլ կտա խուսափել վճարային հաշվեկշռի ճգնաժամից,  դեռևս պարզ չէ: 

Տնտեսագետների կարծիքով` լիրայի արժեզրկման խորացումը զսպելու և երկնիշ գնաճը վերահսկողության տակ վերցնելու ճանապարհից է տոկոսադրույքների բարձրացումը, որը Էրդողանը բնութագրել է որպես «չարիքի մայր և հայր»:

Մուրատ Ույսալայը, ով իր ԿԲ նախագահման 16 ամիսների ընթացքում փորձել է որդեգրել Էրդողանի նախընտրած քաղաքականությունը` հաճախ էր իջեցնում տոկոսադրույքները և մեծապես դիմադրում տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությանը: