Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ընթացիկ տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թե՛ դեպի Հայաստան ներհոսած, թե՛ Հայաստանից արտահոսած տրանսֆերտների ծավալը կրճատվել է։ Այս մասին EconoMood-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից։

Ինչպես բազմիցս նշվել է նշված երևույթը մեծամասամբ պայմանավորված է կորոնավիրուսային համավարակով և դրանից բխող տարբեր հետեւանքներով։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին տարեկան կտրվածքով դեպի Հայաստան ուղղվող դրամական փոխանցումներն ավելացել են, իսկ սեպտեմբերին օգոստոսի համեմատ՝ կրճատվել։ 9 ամսվա կտրվածքով Հայաստան փոխանցված տրանսֆերտների ծավալը կրճատվել է մոտ 9 տոկոսով, իսկ սեպտեմբերին տարեկան կտրվածքով՝ 18 տոկոսով։

Սեպտեմբերին Հայաստան փոխանցված դրամական եկամուտների ծավալը կազմել է 190,5 մլն ԱՄՆ դոլար։ Սեպտեմբերին օգոստոսի համեմատ կրճատումը տեղի է ունեցել ի հաշիվ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների նվազման։ Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Ռուսաստանից եկող տրանսֆերտները կրճատվել են շուրջ 27 տոկոսով, իսկ ԱՄՆ-ից դրանց ծավալն ավելացել է շուրջ 1.5 անգամ։ 

Հայաստանից դրամական եկամուտների արտահոսքը տարեկան կտրվածքով եւս կրճատվել է, սակայն օգոստոսի համեմատ՝ ավելացել, ավելին վերջին 2-3 ամիսների ընթացքում արտահոսքի տեմպն արագացել է։ 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամական փոխանցումների արտահոսքը կրճատվել է մոտ 20 տոկոսով։ Դիտարկվող ժամանակահատվածում արտահոսքը դեպի Ռուսաստան ավելացել է 10 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ-ը՝  կրճատվել ավելի քան 50 տոկոսով։