Հետևեք մեզ նաև Telegram-ում

Պատերազմական գործողությունների վերսկսումից հետո պետական բյուջեի նախագծով վերանայվել են ցուցանիշների կանխատեսումները։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ ջանջուղազյանը։

Նրա խոսքով, այս տարվա կանխատեսվող  6 տոկոս տնտեսական աճը ճշտգրտվել է 0.8 տոկոսային կետով։ Դրանից հետո տեղի ունեցան նաև այլ զարգացումներ, որոնք ևս վերանայվեցին և կախատեսումները փոխվեցին դեպի ներքև՝ մինչև 8.5 տոկոս անկման սցենար, ինչի վրա էլ դրական ազդեցություն պետք է ունենար համաշխարհային տնտեսական աճի բարելավված կանխատեսումը։ Հաշվի առնելով համավարակի երկրորդ ալիքը այժմ նախատեսվում է 7.9 տոկոս տնտեսական անկում այս տարվա համար։ Հաջորդ տարվա համար իրատեսական կարելի է համարել 3.2 տոկոս տնտեսական աճի սցենարը՝ հանգեցնելով անվանական ՀՆԱ-ի փոփոխության և եկամուտների կանխատեսումների վերանայման։

Ա. Ջանջուղազյանը նշել է, որ հարկային եկամուտների առումով կանխատեսվել էր 1 տրլն 320 մլրդ ՀՀ դրամ, սակայն սեպտեմբերից հետո այդ ցուցանիշը գնահատվում է 1 տրլն 350-356 մլրդ ՀՀ դրամ:  

«Հաշվի առնելով անորոշությունները՝ փորձել ենք որպես իրատեսական վերցնել ստորին շեմ՝ մոտ 1 տրլն 350 մլրդ դրամն այս տարվա հարկային եկամուտների համար: Մենք կունենանք 2020 թվականի համար կանխատեսվածից տարբերվող պակասուրդ՝ մոտ 30 մլրդ դրամով ավելի ցածր, քան բյուջեի փոփոխությամբ ներկայացված էր։ Բացարձակ թիվը 459 մլրդ էր, հիմա դա կլինի մոտ 430 մլրդ դրամ՝ ըստ կանխատեսումների»,- ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով, վերանայված սցենարի պարագայում ծախսերի մակարդակը կկազմի 1 տրլն  850 մլրդ ՀՀ դրամ, կամ 2021 թվականի համար կունենանք ոչ թե 4.1 տոկոս ՀՆԱ-ի չափով պակասուրդ, այլ 5.4 տոկոս։