Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանը պատերազմական իրավիճակի ընթացքում շարունակել է կատարել իր ֆինանսական պարտավորությունները: 

Հայաստանի ֆինանսների նախարարության հրապարակած հոկտեմբեր ամսվա տեղեկանքի համաձայն, Հայաստանի պետական պարտքը հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 122 մլն դոլարով կամ 2 տոկոսով` կազմելով 7 մլրդ 977 մլն ԱՄՆ դոլար: 2020թ-ի հոկտեմբերին պետական պարտքի աճին զուգահեռ դոլարային արտահայտությամբ արտաքին պարտքը նվազել է 6.5 մլն դոլարով, իսկ ներքին պարտքն աճել է 128 մլն դոլարով: Դրամային արտահայտությամբ և՛ արտաքին, և՛ ներքին պարտքի գծով նկատվել է աճ. արտաքին պարտքը` 33 մլրդ ՀՀ դրամով, իսկ ներքինը` 75  մլրդ ՀՀ դրամով: Դոլարային և դրամային արտահայտությամբ արտաքին պարտքի փոփոխությունների ուղղությունների տարբերությունը պայմանավորված է դրամի արժեզրկմամբ` հոկտեմբերին փոխարժեքը միջինում կազմել է մեկ դոլարը 493.6 ՀՀ դրամ:

Հոկտեմբերին ՀՀ կառավարությունը պարտքի գծով մարել է 33 մլրդ դրամ տոկոսավճար` մարելով հիմնականում ներքին պարտավորություների գծով տոկոսավճարները` 31.8 մլրդ ՀՀ դրամ:  

Ազգային ժողովի ընթացքում այսօր Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ վճարունակության որևէ ռիսկ պետք է չառաջացնենք: «Մեր վարկանիշը պետք է լինի բարձր, որ կարողանանք ներգրավել պարտք և ապահովել տնտեսական զարգացումը, անվտանգությունը, ներդրումներ կատարենք ենթակառուցվածքների զարգացման համար»,- հայտարարել է Ատոմ Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարը նշել է, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 66.5 տոկոս` նախորդ տարվա 49.9 տոկոսի փոխարեն, իսկ 2021 թվականին կկազմի 67 տոկոս: