Հետևեք մեզ նաև Telegram-ում

Տեղի է ունեցել աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան ժամանակահատվածի սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Կայացված որոշումների համաձայն, մեկ տարով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ «ողջամիտ ծավալների սահմանափակմամբ»:

Բացի այդ, կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ շնչին հասնող եկամուտը քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի 60,000 դրամից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:

Նշվում է, որ անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300,000 դրամի չափով պետական միանվագ աջակցություն:

Առաջիկա օրերին կսկսվեն պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները:

«Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով», - նշել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում նախագահը հանձնարարել է նաև կարճ ժամանակահատվածում լուծել ենթակառուցվածքային բոլոր խնդիրները: