Հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՀ-ի կողմից Ստենդ-բայ մեխանիզմով աջակցվող ծրագրի ամփոփումից հետո կհաստատվի Հայաստանին աջակցելու նպատակով մոտ 36.7 միլիոն ԱՄՆ դոլար միջոցների հասանելիությունը: Այս մասի EconoMood-ը տեղեկացել է ԱՄՀ հրապարակած հաղորդագրությունից: 

Համաձայն հաղորդագրության` ԱՄՀ-ի թիմն աշխատակազմի մակարդակով Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցրել է ԱՄՀ-ի Ստենդ-բայ մեխանիզմով աջակցվող ծրագրի շրջանակում իրականացվող երրորդ հերթական ստուգման ամփոփումը։ Երբ ամփոփումը հաստատվի ԱՄՀ-ի գործադիր խորհրդի կողմից, Խորհրդի նիստից հետո պետության բյուջեին աջակցելու նպատակով հասանելի կդառնա 25.714 միլիոն ՀՓԻ (SDR)։

Հայաստանի տնտեսությանը ծանր հարված են հասցրել կորոնավիրուսային համավարակը եւ 1990-ականների սկզբից ի վեր տեղի ունեցած մարտական գործողությունները։ Ակնկալվում է, որ Հայաստանի տնտեսությունը 2020 թվականին կկրճատվի։ Նշված շոկերը տարբեր առումներով խաթարել են ներքին պահանջարկը եւ առաջարկը, եւ դրանց հետեւանքներն էլ ավելի են խորացել՝ արտահանումից եւ զբոսաշրջությունից ստացվող եկամուտների, դրամական փոխանցումների կտրուկ անկման, որոշ չափով նաեւ՝ կապիտալի զուտ ներհոսքի անկման պատճառով։ Ակնկալվում է, որ իրական ՀՆԱ-ի անկումը 2020 թվականին կգերազանցի 7 տոկոսը։ Վերականգնման մասով անորոշության մակարդակը բարձր է, և ակնկալվում է, որ տնտեսական աճի չափավոր տեմպը կպահպանվի 2021 թվականի ընթացքում, որից հետո այն կարագանա՝ երբ տնտեսությունն աստիճանաբար կհարմարվի նշված շոկերին եւ տնտեսության մեջ դրանց թողած հետքեւանքներին, ապա նաեւ՝ կհաղթահարի դրանք։

Միջնաժամկետ հատվածում գնաճը պիտի աստիճանաբար ավելանա եւ մոտենա թիրախին։ Կարճաժամկետ հատվածում տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերը՝ կապված արտաքին զարգացումների, տնտեսական եւ քաղաքական միջավայրում առկա անորոշության, տարածաշրջանային լարվածության աճի եւ համավարակի ծանրության եւ տեւողության հետ, հակակշռվում են հնարավոր այնպիսի դրական զարգացումներով, ինչպիսին կարող են լինել համավարակից հետո վերականգնման ավելի արագ տեմպը, տնտեսության մեջ համավարակի թողած հետեւանքների նվազեցումը եւ բարեփոխումների սպասվածից ավելի արագ իրագործումը»։

ԱՄՀ-ի մոտեցմամբ` մոտ ապագայում հիմնական գերակայություններից է լինելու հասարակության ամենախոցելի խմբերին աջակցության ցուցաբերումը՝ միեւնույն ժամանակ ապահովելով ԿՈՎԻԴ-19-ի երկրորդ ալիքին հանրային առողջապահության համակարգի համարժեք արձագանքը։

Ավելի ցածր պետական եկամուտների, ինչպես նաեւ առողջապահության ոլորտի, սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերի եւ անվտանգության ոլորտի վրա կատարվող ավելի բարձր ծախսերի պարագայում՝ 2020 թվականին էապես կաճեն բյուջեի դեֆիցիտը եւ պետական պարտքը։ Ակնկալվում է, որ 2020 թվականին բյուջեի դեֆիցիտը կմեծանա՝ հասնելով 430 միլիարդ դրամի կամ ՀՆԱ-ի 7 տոկոսին, որից հետո միայն, հաջորդ տարի, կնվազի՝ հասնելով 355 միլիարդ դրամի։ Բյուջեն ֆինանսավորվելու է՝ միջոցներ ներգրավելով ներքին եւ արտաքին աղբյուրներից, այդ թվում՝ զարգացմանն աջակցող գործընկեր կառույցներից։ Անկալվում է, որ կառավարության պարտքը 2020 թվականին կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, եւ կշարունակի աճել 2021 թվականին՝ հասնելով ՀՆԱ-ի մոտ 69 տոկոսի։ ԱՄՀ-ի աշխատակազմը ողջունում է հարկաբյուջետային կայունությունն ապահովելու՝ իշխանությունների միանշանակ վճռականությունը, որն ուղղորդվում է իշխանությունների ֆիսկալ կանոնով, չնայած նրանց առջեւ ծառացած ճնշումներին։ Այս առումով՝ իշխանությունները լրացուցիչ թափ են հաղորդելու պետական եկամուտների հավաքագրման ջանքերին՝ ձեռնարկելով հարկային քաղաքականության եւ վարչարարության միջոցառումներ, միեւնույն ժամանակ զսպելով ընթացիկ ծախսերը եւ երաշխավորելով առաջնահերթ ծախսերը։ Արդյունքում՝ սպասվում է, որ կառավարության պարտքն աստիճանաբար կնվազի միջնաժամկետ հատվածում՝ 2026 թվականին դառնալով ՀՆԱ-ի 60 տոկոսից պակաս։

Այսպիսով, ԱՄՀ-ի այս ֆինանսավորումը կօգնի իշխանություններին՝ հոգալու բժշկական եւ սոցիալ-տնտեսական հրատապ կարիքները եւ կաջակցի տնտեսական աճի ցուցանիշը բարձրացնող եւ աճն ավելի ներառական դարձնող բարեփոխումների իրագործմանը։