Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրություն ժամանակ լայն սպառման ապրանքների իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ս.թ. սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» առևտրի կետերում, իրականացրել են ամենօրյա մշտադիտարկում շուրջ 31 ապրանքային խմբի գծով (շուրջ 106 ապրանքատեսակ)։ 

EconoMood-ի փոխանցմամբ՝ ՏՄՊՊՀ-ն իրականացրել է բազմակողմանի ուսումնասիրություն, հանձնաժողովը դիմել է ներմուծում և արտադրություն իրականացնող շուրջ 32 խոշոր ընկերությունների, ամենօրյա կտրվածքով հավաքագրել է շուրջ 20 ապրանքային խմբի (ներառում է 129 ապրանքատեսակ) մեծածախ իրացման գների և պաշարների մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն: 

Հանձնաժողովը մշտադիտարկումների արդյունքում մասնավորապես արձանագրել էր, որ որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել կիլոգրամով (չփաթեթավորված) իրացվող շաքարավազի իրացման գնի բարձրացում 6-7%-ով, կիլոգրամով իրացվող «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակների կարագի իրացման գնի բարձրացում՝ մինչև 1%, արևածաղկի և եգիպտացորենի ձեթերի որոշակի տեսակների գների բարձրացում՝ 2-7 %-ով։

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ այդ ապրանքների իրացման գների բարձրացումն առավելապես պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով՝ ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ և այլն:

Ուսումնասիրությունների մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3fPZKjR :

Հաջորդիվ կներկայացվեն ալյուրի և ձվի գների ուսումնասիրության արդյունքները: