Հետևեք մեզ նաև Telegram-ում

Վերջին շրջանի զարգացումները, պատերազմական իրադրությունը և կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքներն իր անմիջական ազդեցությունն են թողնում մարդկանց վարքագծի և սպասումների վրա, որն էլ իր հերթին ազդում է անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի, առաջարկի և գների վրա։

EconoMood-ի հաղորդմամբ՝ Կադաստրի Կոմիտեն հրապարակել է 2020 թվականի հոկտեմբեր ամսվա անշարժ գույքի շուկայի ընդհանուր պատկերը։ Մասնավորապես հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 12,308 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ նվազել է 32.5%-ով, իսկ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ՝ նվազել 32.9%-ով:

Երևան քաղաքում 2020 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ նվազել է 0.7%-ով, իսկ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ՝ աճել 0.8%-ով:

Այս տարվա հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 655 վարձակալության գործարք, որը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների ընդհանուր քանակի 5.3%-ը։ Այդ թվում, վարձակալության գործարքների առավել բարձր տոկոսաչափ՝ 52.4%-ը գրանցվել է Երևան քաղաքում, իսկ առավել ցածրը՝ Վայոց Ձորի մարզում։ Նկատենք, որ Երևան քաղաքում գրանցվել է 343 վարձակալության գործարք, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է 37.2%-ով, իսկ 2019-ի հոկտեմբերի համեմատ՝ 44%-ով: