Հետևեք մեզ նաև Telegram-ում

Կենտրոնական բանկում ներկայում քննարկվում է սպառողական վարկերի և սպառողի եկամուտների համապատասխանեցման համար նոր մեխանիզմի կիրառման հարցը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Վերջինիս խոսքով` Հայաստանում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել անորոշության պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները: Մ. Գալստյանը հայտնել է, որ նոյեմբերի 24-ին հայտարարված ինտերվենցիայի ծավալը կազմել է 60 մլն ՀՀ դրամ: Նախագահի խոսքով ինտերվենցիան չի իրականացվում փոխարժեքը որևէ մակարդակում պահելու համար, ՀՀ Կենտրոնական բանկի նպատակը գների կայունության ապահովումն է:

ՀՀ-ում գրանցվել են դրամային ավանդների փոխարկում դոլարային ավանդների, ավանդների արտահոսքին, դոլարային վարկերի փոխարկումների դեպքեր: Մարտին Գալստյանի խոսքով` վերջին իրավիճակներով պայմանավորված բանկերում ավանդային ներդրումների արտահոսքի և բնակչության իռացիոնալ վարքագծի արդյունքում գրանցվել է տոկոսային եկամուտների կորուստ` 5-7 մլրդ ՀՀ դրամ:  «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս վարքագծի ներքո, երբ սկսում են բալանսավորում իրականացնել, խզում են իրենց դրամային դեպոզիտները, մեր նախնական հաշվարկներով տնային տնտեսություններն ու բիզնեսները Հայաստանում 5-7 մլրդ դրամի վնաս են կրել՝ չստացված տոկոսի մասով: Ես չգիտեմ՝ քանի ճգնաժամ պետք է անցնենք, որ հասկանանք, որ նման բաներ պետք չէ անել»,- շեշտել է ԿԲ նախագահը։

Արմեն Նուրբեկյանը նորմալ է գնահատել անորոշության ընթացքում փոխանակային կուրսի փոփոխությունը լողացող փոխանակային կուրսի դեպքում:  Մարտին Գալստյան նշել է, որ ներդրողները միջնաժանկետ կտրվածքում վստահում են ՀՀ մակրոկայունությանը:

ՀՀ Կենտրոնական բանկի զեկույց

ԿԲ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 2020թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4% մակարդակից։ Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2.0%։

Չորրորդ եռամսյակում, համաշխարհային տնտեսության փաստացի զարգացումները հիմնականում կրել են կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և դրա հետ կապված որոշ երկրներում սահմանափակումների ազդեցությունը, ինչը բացասաբար է անդրադարձել համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վրա։ Մյուս կողմից, 2021թ. տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձևավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Այս իրավիճակում, գնաճային միտումներ են արձանագրվել թե՛ հումքային և թե՛ պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն աստիճանաբար արտահայտվում է նաև գործընկեր երկրների գնաճային միջավայրի վրա: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն:

Երրորդ եռամսյակում ՀՀ-ում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 9.1% տնտեսական անկում, ինչը ձևավորվել է  տնտեսության բոլոր՝ հատկապես ծառայությունների ոլորտում արձանագրված նվազումների հաշվին:

Չորրորդ եռամսյակում, ԿԲ գնահատականների համաձայն, ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվի` պայմանավորված ՀՀ-ում ռազմական դրության հաստատման և կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի բռնկման ու բարձր տեմպերով տարածման, ինչպես նաև նշված գործոնների ներքո տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշության բացասական ազդեցություններով: Մյուս կողմից, ամբողջական պահանջարկին կշարունակի դրական նպաստում ունենալ նախանշված ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Նման պայմաններում, 2020 թվականի համար տնտեսական աճի տարեկան գնահատականները չեն վերանայվել։  

Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի  աճը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ դրամավարկային դիրքը շարունակվում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4%-ի շուրջ։

ԿԲ հայտնել է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կարճաժամկետ հատվածում առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկեր վերևի ուղղությամբ, ուստի Կենտրոնական բանկը մշտապես հետևում է իրադարձությունների զարգացմանը և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։