Հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարության նիստում հաստատվել է պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման կարգը։ 

Համաձայն հաստատված կարգի, հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձը, եթե դիմումը ներկայացնելու պահին չափահաս է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը, e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով ներկայացնում է շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենը։

Եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա ներկայացնում է օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը, երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենները։ Ներկայացվում է նաև շահառուի (օրինական ներկայացուցչի) էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային հաշվեհամարը։

Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը, e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով շահառուն ներկայացնում է.

  • Շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը և զոհվածի մահվան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը.
  • Ամուսնության վկայականի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ամուսնու համար
  • Զոհվածի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ծնողի համար
  • Երեխայի ծննդյան վկայականի և երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ զոհվածի երեխայի համար
  • Ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթղթի, հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալ հանդիսանալը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները
  • Տեղեկատվություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ՝ համաձայնության դեպքում կցելով նաև զոհվածի համար նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը։

Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին որոշումը Նախարարությունը կայացնում է դիմումը ստանալուց հետո առավելագույնը 30 օրերի ընթացքում, որի մասին գրավոր տեղեկացնում է դիմողին՝ նշելով նաև hաշվարկված դրամական օգնության չափը։ Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դրամական օգնության գումարը՝ դիմումը հաստատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: