Հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարության նիստում հաստատվել են Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու ժամանակավոր զբաղվածության ապահովման և պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումները։

1. Պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության միջոցառման շահառու է համարվում պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված (ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-L որոշման) գործազուրկ հանդիսացող քաղաքացին։ Գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը շահառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։ Գործազուրկ անձը մեկ անգամ կարող է ընդգրկվել միջոցառման մեջ` 3 ամիս տևողությամբ։

Միջոցառման շրջանակներում վճարվելու է 

  • գործազուրկ անձին ամսական աշխատավարձ 100 հազար դրամի չափով, 
  • գործատուին գումար՝ գործազուրկ անձի աշխատավարձից հաշվարկվող հարկերի համար, 
  • գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարվում է գումար` 34 հազար դրամի չափով:

Միջոցառման շրջանակներում որպես աջակցություն տրամադրվող փոխհատուցման ենթակա միջոցները փոխանցվում են գործատուի բանկային հաշվին։ 

2. Պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառման շահառու է համարվում պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված (ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-L որոշման) գործազուրկ հանդիսացող քաղաքացին։ Միջոցառումն իրականացվում է համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի նախագծի հիման վրա, ով յուրաքանչյուր շահառուի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր։ Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը 3 ամիս է։ Օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է 8 000 դրամ՝ ներառյալ հարկերը։ Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար: Վարձատրվող հասարակական աշխատանքների մեկ միջոցառման արժեքը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։ Ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել միջոցառման արժեքի 20%-ը: Մեկ շահառուն չի կարող միաժամանակ ընդգրկվել մեկից ավելի վարձատրվող հասարարակական աշխատանքներում։