Հետևեք մեզ նաև Telegram-ում

2020թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 959.7 հազ. մարդ և 2018թ. տարեսկզբի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով: 2020թ.-ի տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.9%, իսկ գյուղականը՝ 36.1%: 2020թ. տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության կառուցվածքում 47.2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.8%-ը` կանայք: Բնակչության միջին տարիքը 2020թ.-ի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.9 տարի, տղամարդկանց համար` 34.8, իսկ կանանց համար` 38.8 տարի:

2020թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության կառուցվածքում 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը կազմել է 21.5%, աշխատունակ տարիքինը` 63.8, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը` 14.7%: 2020թ. տարեսկզբի դրությամբ աշխատունակ տարիքի ամեն 1 000 մարդուն բաժին է ընկել 566 մարդ` 0-15 տարեկան և կենսաթոշակային տարիքի, 2019թ. նույն ժամանակահատվածում արձանագրված 552 մարդու համեմատ:

Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է: Բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության և դրանց հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաև, մասամբ միգրացիայի հետևանք է: Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այդ ցուցանիշը 2020թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ-ում կազմել է 12.3%: 

2020թ. տարեսկզբի դրությամբ մշտական բնակչության 36.6 տոկոսը կենտրոնացված է եղել Երևան քաղաքում, իսկ ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի և ՀՀ Կոտայքի մարզերից յուրաքանչյուրում բնակվել է հանրապետության բնակչության 8.5%-8.9%, ՀՀ Լոռու, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Շիրակի մարզերում, համապատասխանաբար` 7.2%-7.8%, ՀՀ Արագածոտնի, ՀՀ Սյունիքի և ՀՀ Տավուշի մարզերից յուրաքանչյուրում`4.1%-4.6%, իսկ 1.7%` ՀՀ Վայոց ձորի մարզում: