Հետևեք մեզ նաև Telegram-ում

Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%: Այս մասին EconoMood-ը տեղեկացել է Կենտրոնական բանկի կայքէջից:

2020 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 3.4% գնաճ՝ հիմնականում պայմանավորված ներմուծված պարենային ապրանքների գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է և մոտեցել նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով 3.7%։ Դեկտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.6%։

2021 թվականի սկզբին ՀՀ հիմնական գործընկերներից ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված սցենարին համահունչ, դիտվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումներ, մինչդեռ  Եվրոգոտում արձանագրվում են սպասվածից ավելի դանդաղ տեմպեր՝ պայմանավորված համավարակի տարածման պայմաններում կիրառվող սահմանափակումներով: Միաժամանակ, համաշխարհային պահանջարկի վերականգնման սպասումների և մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դրսևորվել գնաճային միտումներ, ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը գնահատել է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություն:

Չորրորդ եռամսյակում, ՀՀ-ում ռազմական դրության հաստատման, կորոնավիրուսի համավարակի տարածման և տնտեսական աճի հեռանկարների հետ կապված մեծ անորոշության պարագայում, արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն: Տնտեսական անկումը մեծապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի նվազումով՝ արտացոլելով նաև թույլ պահանջարկի պահպանումը: Կանխատեսվում է, որ ներքին պահանջարկի վրա լրացուցիչ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վարկավորման աճի տեմպերի նախանշվող դանդաղումը: Միաժամանակ, նշված զարգացումներին զուգահեռ, վերջին ամիսներին արձանագրվում է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի գնահատականի որոշակի բարելավում: Այս ամենով հանդերձ, Խորհուրդը միակարծիք է, որ ներկա իրավիճակում կարևոր է տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համապատասխան ծախսային ռազմավարության որդեգրմամբ։

Չնայած պահպանվող թույլ պահանջարկին և գնաճի՝ հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված զարգացումներին, վերջինիս ներքո առկա է գնաճային սպասումների որոշակի արագացում, ինչի արդյունքում, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու նաև համարժեք գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Նման պայմաններում, կանխատեսվող հորիզոնում գնաճը կգտնվի նպատակային 4% ցուցանիշի շրջակայքում:

Տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը: 

Խորհուրդը քննարկել է հունվարին ՀՀ ֆինանսական շուկայում ձևավորված իրավիճակը և արձանագրել, որ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները համապատասխանորեն արձագանքել են նախորդ տարվա վերջին ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացմանը՝ ձևավորվելով հիմնականում դրա շուրջ: Տոկոսադրույքների բարձրացում է դիտվել նաև պետական պարտատոմսերի շուկայում, որտեղ եկամտաբերություններն աճել են կորի ողջ երկայնքով: Միաժամանակ, որպես դրական արդյունք արձանագրվել է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը, ինչի մասին է վկայում նաև հունվարին տեղաբաշխված ՀՀ եվրոպարտատոմսերի ձևավորված բավականին ցածր եկամտաբերությունը: Չչթերագնահատելով շուկայի համընդհանուր բարենպաստ միջավայրի գործոնի առկայությունը, ցածր եկամտաբերությունը արտացոլում է նաև միջազգային ներդրողների վստահությունը երկրի մակրոտնտեսական կայունության և այն ապահովող ինստիտուտների նկատմամբ՝ որպես երկարաժամկետ հիմնարար գործոն։ Ուստի գնահատվում է, որ ռիսկի հավելավճարի նվազումը հիմնականում չի կրի կարճաժամկետ բնույթ: Արձանագրվեց նաև, որ չորրորդ եռամսյակում բանկային համակարգում վարկերի և ավանդների տոկոսադրույքները դեռևս չեն արձագանքել միջբանկային ու արժեթղթերի շուկաներում տոկոսադրույքների փոփոխությանը՝ ցուցաբերելով հիմնականում կայուն վարքագիծ, իսկ բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի տեմպերը որոշ չափով դանդաղել են՝ պայմանավորված առավելապես սպառողական վարկերի նվազմամբ։