Հետևեք մեզ նաև Telegram-ում

2020 թվականին Հայաստանում ԱՊՊԱ ոլորտի վնասաբերությունը կամ հատուցումների մակարդակը նվազել է՝ կազմելով 65 տոկոս: Ապահովագրական ընկերությունների շարքում ամենացածր վնասաբերությունն ունի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, իսկ ամենաբարձր մակարդակը՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը:

Վնասաբերության մակարդակը ցույց է տալիս հաճախորդներին տրված փոխհատուցումների կշիռը հավաքագրված ապահովագրական վճարների կազմում: 

2020 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատ գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակը նվազել է 12.4 տոկոսով՝ կազմելով 527 հազար 716 հատ: Կրճատվել է նաև կնքված ԱՊՊԱ պայմանագրերի քանակը և դրա գծով ապահովագրավճարների ծավալը: Միաժամանակ ավելացել է մեկ պայմանագրի գծով միջին ապահովագրավճարը՝ կազմելով 22 հազար 623 ՀՀ դրամ:

Ընդհանուր ապահովագրավճարների մեջ ընկերությունների տեսակարար կշիռները որոշակիորեն փոփոխվել են, մասնավորապես կրճատվել են «Ինգո Արմենիա» և «Սիլ Ինշուրանս» ընկերությունների տեսակարար կշիռներն, իսկ մնացած ընկերությունների մասնաբաժինն ավելացել է:

Առցանց եղանակով կնքված ԱՊՊԱ պայմանագրերի քանակն ավելացել է. պայմանագրերի 15%-ը կնքվել է առցանց եղանակով:

Մերժված դիմումների քանակը կրճատվել է 13 տոկոսով, իսկ հատուցումից հրաժարված դիմումների քանակն ավելացել է ավելի քան 28 տոկոսով: