Հետևեք մեզ նաև Telegram-ում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Civilnet-ի հետ զրույցում անդրադարձել է արցախահայությանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացմանը, տնտեսության վերականգնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին: EconoMood-ն առանձնացրել է հարցազրույցի կարևոր հատվածներն ու շեշտադրումները:

Ճգնաժամային հումանիտար աղետի փուլը հաղթահարվել է. մեկնարկ բնակարանաշինությանը

Ճգնաժամային հումանիտար աղետի փուլը հաղթահարվել է, ինչի մասին փաստում է 100 հազարից ավել քաղաքացու վերադարձը Արցախ, ընդ որում Հայաստանում գտնվող քաղաքացիների զգալի մասը նույնպես ցանկություն ունի վերադառանալու: Այս պահին առաջնահերթությունը բնակարանաշինարարությունն է Արցախում. առաջիկայում ավելի մեծ տեմպով կնախանշվեն այն ծրագրերը, որ հնարավորություն է տալու առաջիկա տարիների ընթացքում փուլ առ փուլ ունենալ կացարաններ: Կան մոտ 8000-9000 ընտանիքներ, որոնք այս պահին ժամանակավոր գտնվում են Հայաստանում: Այս պահին Արցախի գյուղական բնակավայրերում մինչև 1000 տներ են վերանորոգվում և արդեն կան գնողները: Համատեղ քննարկվում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունը այս գործընթացին, ինչը հնարավորություն է տալու կառուցել հիմնական շինություններ: Նախատեսվում է գյուղական բնակավայրերի բնակֆոնդը ընդլայնել, քանի որ բավարարում են համապատասխան ենթակառուցվածքները, բացի այդ նախատեսվում է շինարարություն իրականացնել Ստեփանակերտում՝ կիսակառույց բազմաբնակարան շենքերի ավարտ և այլն: Առաջիկայում կսկսվի քաղաքացիների բնակարանների հայտերի ցուցակագրումը, որոնք ըստ առաջնահերթության կվերադառնան Արցախ: Գործընթացի նախնական ժամկետը գնահատվում է առավելագույնը 3 տարի:

Արցախում ապրելու հնարավորություններ. տրամադրվող աջակցություն

Եկամուտների կտրվածքով Արցախում բնակվող ընտանիքը միջինում ամսական ստանում է 320-330 հազար ՀՀ դրամի շրջանակներում պետական աջակցություն, իսկ ծախսերի տեսանկյունից, փոխհատուցվում են կոմունալ վճարները, ըստ կարիքների բավարարվում է սննդի, կենցաղային պարագաների անհրաժեշտությունը և այլն: Այժմ քննարկվում է նաև ֆիզիկական անձանց վարկերի որոշ ժամանակ պետության կողմից փոխհատուցման մասին նախագիծը: Եկամուտների և ծախսերի այն աջակցությունը, որ կառավարությունը տրամադրում է այս պահին, Արցախի ընտանիքներին հնարավորություն են տալիս լիարժեք իրենց կյանքը վարել: Արցախի բնակչության 75 տոկոսը վերադարձել է և ապրում է այն տարածքներում, որտեղ ապրել է, հետևաբար այդ մասով պետական կառույցների սպասարկումը մնալու է նույն մակարդակի վրա: 

Ինչպե՞ս վերականգնել բիզնեսի վստահությունը. աշխատաշուկա

Բիզնեսի վստահության վերականգնումը պատերազմից մի քանի ամիս հետո չենք կարող ակնկալել այն տեսքով ինչպես ցանկանում ենք, որոշակի ժամանակ և որոշակի միջավայրի փոփոխության անհրաժեշտություն կա: Կորցրած տարածքներում որոշ խոշոր բիզնեսներ այս պահին դադարացրել են իրենց գործունեությունը, որոշ փոքր բիզնեսներ ցանկություն են հայտնել գործունեություն ծավալելու, որոնց ուղությամբ աշխատանքներ տարվում են: Համատեղ իրականացվում են աշխատանքի խրախուսմանն ուղղված ծրագրեր. հունվար ամսից սկսած փոխհատուցվում է եկամտային հարկը, վերջերս նաև փոփոխություն է կատարվել հարկային համակարգում՝ եկամտային հարկը սահմանվել է 15 տոկոս, շահութահարկը մի շարք ոլորտներում զրոյացված է, փոքր բիզնեսի համար հաստատագրված վճարները վերացված են: Տարածաշրջանի երկրների համեմատ բիզնես միջավայրը էականորեն բարենպաստ է ցանկացած բիզնես իրականացնելու համար: Այդ ուղղությամբ արդեն իսկ կա որոշակի հետաքրքրություն: Աշխատանքի ապահովման տեսանկյունից բնակարանաշինությունը հնարավորություն է տալու ներգրավել որոշ անձանց շինարարական աշխատանքներում:

Հայաստանի կողմից Արցախի ֆինանսավորումը հասնելու է 100 մլրդ ՀՀ դրամի

Կառավարության առաջնահերթությունները բյուջեի ծախսման ուղղությամբ փոխվում են: ՀՀ պետական բյուջեում նախատեսված չեն այս ծրագրերը, սակայն տարվա ընթացքում յուրաքանչյուր ծրագրի մասով առանձին իրականացվում են քննարկումներ, գնահատվում է արդյունավետությունը և որոշումներ կայացվում: Այն հատկացումները, որոնք իրականացվում են առնվազն այս պահին, կատարվում են առկա ռեսուրսների շրջանակներում: Այժմ ունենք 20 միջոցառում, որոնց մի մասն ավարտվել է, մի մասը շարունակում է ընթացքի մեջ մնալ՝ ուղղված արցախահայությանը, հետպատերազմական սոցիալական խնդիրների վերացմանը: Արդեն 10-15 մլրդ ՀՀ դրամ և ավելի գումար հատկացվել է արցախահայությանը՝ հետպատերազմյան սոցիալական վիճակի հաղթահարմանն ուղղված:  Վերջերս կառավարության նիստում ներկայացվել է Արցախի քաղաքացիների համար հերթական ծրագիրը, որի բյուջեն կազմելու է 30 մլրդ ՀՀ դրամ 4 ամսվա համար: Հայաստանի կողմից Արցախի ֆինանսավորումը հասնելու է 100 մլրդ ՀՀ դրամի: