Հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Էկոնոմիկային նախարարությունը ֆինանսական միջոցներ է հատկացնելու կոնյակի սպիրտ արտահանողներին: 2020թ.-ին կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման գծով առաջացած պարտավորությունների կատարման համար կհատկացվի 165 մլն ՀՀ դրամ, իսկ  2021-ի համար կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխատուցման չափը կկազմի 900 մլն դրամ, որն ուղղված է  9 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ 3 մարզերում արդեն ավարտված է խաղողի տնկարկների քարտեզագրման գործընթացը, իսկ 2 մարզերում նախատեսվում է ավարտվել 2021 թվականին։ Վերջինիս առկա պատկերի վերահսկումը, նախարարի խոսքով, նախատեսվում է իրականացնել բջջային հավելվածի միջոցով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով ծրագիրը, նշել է, որ  միջոցառման իրականացումը անմիջական կապ ունի գյուղատնտեսության և խաղողագործության զարգացման հետ.  ծրագիրը ապահովում է խաղողի մթերման ամբողջականությունը: Ավելին՝ այս գործիքով հնարավորություն է լինում ստանալ խաղողի մթերման և այգիների իրական պատկերը:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Էկոնոմիկային նախարարությունը ֆինանսական միջոցներ է հատկացնելու նաև աշնանացան ցորենի սերմնացուի մատակարարներին: Մատակարարների կողմից կնքվել է 2751 պայմանագիր, որի շրջանակներում վաճառվել է 4184 տոննա աշնանացան ցորենի սերմնացու: Նախարարության կողմից  թերությունների շտկման նպատակով 2020 թվականին 1844 պայմանագրի գծով տրամադրվել է 193.07 մլն.  ՀՀ դրամ փոխհատուցում, իսկ մնացածի գծով՝ 99.0 մլն ՀՀ դրամ փոխհատուցում։ Վերջինս նախատեսվում է տրամադրել նաև 2021 թվականին: 

Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. ընթացիկ տարվա փետրվարի ամսվա առաջին 15 օրերի ընթացքում հանրապետությունում ՀԴՄ կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազարով ավել գործարք, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը դիտարկվող ժամանակահատվածում աճել է 12 տոկոսով կամ 31.4 մլրդ դրամով: Վարչապետի խոսքով՝ ընթացիկ տարվա  փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում աճել են նաև արտահանման և ներմուծման ցուցանիշները: Դրամաշրջանառության նման աճը, ըստ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի,  հիմնականում պայմանավորված է եղել 3 ոլորտներով՝ մանրածախ սպառում, արտադրություն և ծառայությունների մատուցում: