Հետևեք մեզ նաև Telegram-ում

COVID-19 ճգնաժամը զգալի վնաս է հասցրել համաշխարհային առևտրին՝ սահմանափակելով ճանապարհորդությունները, խափանելով միջազգային արտադրական շղթաները և ճնշելով պահանջարկը ամբողջ աշխարհում: Շատ զարգացած երկրներում տնտեսական ակտիվությունը փաստորեն փակուղի մտավ 2020 թվականի երկրորդ եռամսյակում՝ խթանելով ինչպես հարկաբյուջետային, այնպես էլ դրամավարկային ոլորտում նշանակալի քաղաքականության միջոցառումների ընդունումը: Այս մասին նշված է ՄԱԿ-ի հրապարակած «Համաշխարհային տնտեսական վիճակը և հեռանկարները» 2021 թվականի զեկույցում:

EconoMood-ն առանձնացրել է զեկույցի առանցքային և հիմնական կետերը, որոնք վերաբերում են թե համաշխարհային տնտեսությանը, թե՛ Հայաստանին և տարածաշրջանային երկրներին:

Մեծ ճգնաժամից հետո առաջին անգամ համաշխարհային համախառն արտադրանքը կտրուկ կկրճատվել է ավելի քան 4 տոկոսով. համեմատության համար 2009 թվականին այն կրճատվել էր 1.7 տոկոսով: Զարգացող երկրների համար կանխատեսվում է տնտեսության վերականգնում մոտ 5.7 տոկոսով: Գնահատվում է, որ համաճարակը կարագացնի թվայնացման, ավտոմատացման և ռոբոտացման տեմպերը, ինչը միջնաժամկետ հատվածում էլ ավելի է ճնշելու աշխատուժի պահանջարկը: Ներդրումների խթանումը շարունակում է մնալ կարևոր վերականգնման արագացման և ապագա ցնցումներին և շոկերին դիմակայություն ստեղծելու համար: Աշխարհի երկրներում պակասորդն ու պարտքերն ավելանում են և հասնում ռեկորդային մակարդակի՝ սրելով պարտքի աղետալի ռիսկերը: 2020 թվականի ընթացքում ավելի քան 131 մլն մարդ հասել է աղքատության: Զեկույցում նշվում է, որ շատ զարգացող երկրներում կարևոր է, որ ազգային նորարարական համակարգերն ամրապնդվեն՝ խթանելու ձեռնարկությունների կարողությունները՝ կլանելու և օգտագործելու գիտելիքները և հարմարվելու փոփոխվող հանգամանքներին:

Ինչ է կանխատեսվում Հայաստանի համար

ՄԱԿ-ը Հայաստանի տնտեսությունը դիտարկում է 2020 թվականի տնտեսական անկումից հետո վերականգնողական հեռանկարով: Զեկուցի համաձայն՝ կորոնավիրուսի տարածումով պայմանավորված տնտեսական սահմանափակումները, Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսումն իրենց ազդեցությունը թողեցին տնտեսական ակտիվության նվազման և անորոշության մեծացման վրա։ 

Կառույցը 2020 թվականին Հայաստանի համար կանխատեսում է տնտեսական անկում 6.9 տոկոս, իսկ 2021 և 2022 թվականներին տնտեսության վերականգնում՝ համապատասխանաբար 4 և 5.4 տոկոս։ ԵԱՏՄ երկրների շրջանում ամենացածր ցուցանիշը կանխատեսվում է Ղրղզստանի համար, իսկ տնտեսական ամենափոքր անկումը կգրանցվի Բելառուսում։ Ռուսաստանի տնտեսությունը կկրճատվի 4 տոկոսով, իսկ Ղազախստանինը՝ 2.6 տոկոս։ 

Տարածաշրջանի երկրներից Իրանի համար կանխատեսվում է ամենամեծ անկումը՝ 9.6 տոկոս։ Անկման ամենացածր ցուցանիշը տարածաշրջանում կունենա Թուրքիան՝ 1 տոկոս, Ադրբեջանի համար ակնկալվում է, որ կունենա 3.9 տոկոս անկում, իսկ Վրաստանը՝ 5.2 տոկոս։

Կառույցի զեկուցի համաձայն՝ Հայաստանում միջինում գները 2021 թվականին կբարձրանան 2 տոկոսով, ինչը ԵԱՏՄ-ում և տարածաշրջանում ակնկալվող ամենացածր գնաճն է: Գնաճային մեծ ճնշումներ են ակնկալվում Իրանում՝ 20.6 տոկոս, Թուրքիայում՝ 8.5 տոկոս և Ղազախստանում՝ 5.8 տոկոս։  

Նշվում է, որ արտարժութային պահուստները կարող են օգնել բարձրացնել արտաքին ֆինանսավորման կարիքները:

Նշենք, որ ՀՀ պետական բյուջեով 2021 թվականին կանխատեսվում է 3.2 տոկոս տնտեսական աճ, իսկ 2021-2023թթ. ՄԺԾԾ-ով՝ 7 տոկոս: