Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում 2020 թվականին մաքսային մուտքերը նվազել են: Այս մասին հայտնել է ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը:

Մ.Շարաֆյանի խոսքով՝ 2020 թվականին մաքսային մուտքերը 2019 թվականի համեմատ նվազել են, սակայն գրեթե նման են 2018 թվականի ցուցանիշներին. 2020 թվականին, 2019 թվականի համեմատ, գրանցվել է մոտ 7 տոկոս արտահանման նվազում, 17.5 տոկոս ներմուծման նվազում: Նա նկատեց, որ թեպետ, 2020 թվականին մի շարք ուղղություններում կան նվազումներ, սակայն կան նաև ուղղություններ, որտեղ դրական միտում է գրանցվել: Մասնավորապես, 2020-ին ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումն աճել է 1.3 տոկոսով: ԵԱՏՄ երկրներից ներմուծումը, արդեն 2018 թվականի համեմատ, աճել է մոտ 20 տոկոսով:

Շարաֆյանը նշել է, որ թուրքական ապրանքների ներմուծումից հարկային եկամուտները 2020 թվականին 25 միլիարդ դրամ են կազմել. «Դեռ վաղ է ասել, որ ապագայում Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքը հարկային եկամուտների կրճատման կհանգեցնի, քանի որ ներկրողները նաեւ այլ շուկաներ են թիրախավորում, այդ թվում` չինականը»:

Նա հավելեց, որ 2019-ի վերջին ներմուծված թուրքական ապրանքները կարող են մաքսային ձեւակերպում անցնել 4 ամսվա ընթացքում: «Թուրքիայից Հայաստան ներկրվել է հագուստ, ցիտրուսային մրգեր, կենցաղային քիմիա եւ այլն»,- ասաց Շարաֆյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ 2020 թվականին գրանցվել է արտահանողների 3 տոկոսով աճ: Շատերը շարունակել են ակտիվորեն ներդրում ունենալ տնտեսության մեջ: Այստեղ պետք է նաև հաշվի առնենք այն, որ 2019 թվականին գրանցվել է աննախադեպ աճ՝ մոտ 55 տոկոսով և՛ ներմուծողների, և՛ արտահանողների քանակով։ Վերջինս ենթադրում է, որ 2018 թվականը որպես բազիսային տարի ընդունելու պարագայում նշված ցուցանիշները շարունակել են պահպանվել բարձր մակարդակի վրա։