Հետևեք մեզ նաև Telegram-ում

Չինաստանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել դադարեցնել չինական տեխնոլոգիական ընկերությունների «ճնշումը»: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Cnbc.com-ից:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հղում անելով ազգային անվտանգության հետ կապված հարցերին, չինական տասնյակ ընկերությունների նկատմամբ սանկցիաներ էր սահմանել անցյալ 3 տարվա ընթացքում:

Չինական հեռահաղորդակցության հսկա Huawei-ն ամենահանրաճանաչ ընկերություններից մեկն է, որը տուժել է այդ սակցիաներից՝ պատժամիջոցների արդյունքում անցյալ տարի գլոբալ թիվ մեկ սմարթֆոն վաճառողից դառնալով վեցերորդը:

«Չինաստանը կցանկանար, որ ԱՄՆ-ն վերացներ տարիֆները և պատժամիջոցները ընկերությունների նկատմամբ և հրաժարվեր Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի իռացիոնալ ճնշումից, որպեսզի ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ Չինաստան-ԱՄՆ համագործակցության համար»,- նշել է նախարարը:

Ավելի վաղը Բայդենը նշել է. «Մենք պետք է պատրաստվենք Չինաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական մրցակցությանը»: Անցյալ շաբաթվա ընթացքում Գանձապետարանի քարտուղար Ժանեթ Յելլենը ասել էր, որ Թրամփի ժամանակաշրջանում սահմանված սակագները կմնան ուժի մեջ, և որ ցանկացած փոփոխություն կախված կլինի Չինաստանի կողմից առևտրային գործարքների պարտավորությունների պահպանումից: 

Չինաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է նաև, որ երկու երկրները կարող են համատեղ աշխատել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի և համաշխարհային տնտեսության վերականգնմանն աջակցելու ուղղությամբ, և շեշտել, որ Պեկինը շարունակում է աջակցել Չինաստանում ամերիկյան բիզնեսին: