Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ առավել հայտնի ՀԸԳՀ-ն (CEPA) ավարտել է վավերացման գործընթացը: EconoMood-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի 2021-ի մարտի 1-ից։


ՀԸԳՀ-ն (CEPA) ստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության կողմից 2017-ի նոյեմբերին։ Համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու երկարաժամկետ հիմք է ապահովում, ամրապնդում է օրենքի գերակայությունն ու արդարադատության համակարգը, սատարում է պետական կառավարման բարեփոխումներն ու համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը։ Այն նաև ուղի է հարթում դեպի բարելավված գործարար միջավայր, առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ։


«Եվրոպական միությունը Հայաստանում ֆինանսական օգնության ամենամեծ դոնորն է, որի հիմնական նպատակն է բարելավել ՀՀ քաղաքացիների կենսապայմանները, հատկապես մարզերում։ Ամբողջական վավերացումը ստեղծում է էլ ավելի կուռ համագործակցության հիմք՝ աջակցելու Հայաստանի դիմակայմանն ու տնտեսական զարգացմանն այնպիսի ժամանակներում, երբ դա շատ անհրաժեշտ է»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։