Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի պետական պարտքը 2020 թվականին աճել է 5,4 տրլն ռուբլիով կամ մոտ 40 տոկոսով՝ հասնելով 19 տրլն ռուբլու, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 17.8 տոկոսը: EconoMood-ն այս մասին տեղեկանում է Ռուսաստանի Հաշվիչ պալատի կայքէջից:

Ներքին պարտքն ավելացել է 4,6 տրլն ռուբլիով՝ հասնելով 14,8 տրլն ռուբլու: Արտարժույթով արտաքին պարտքն աճել է 1,9 մլրդ ԱՄՆ դոլարով՝ դառնալով 56,8 մլրդ ԱՄՆ դոլար: Ռուբլիով արտահայտված ցուցանիշն ավելացել է 799,7 մլրդով կամ 23.6 տոկոսով և կազմել 4,2 տրլն ռուբլի: Հաշվիչ պալատի տվյալներով, 2019 թվականին պետական պարտքն ավելացել է 3,4 տրլն ռուբլիով հասնելով 13,6 տրլն ռուբլու: 

Պետական պարտքի սպասարկման ծախսերն անցած տարի ավելացել են 7.3 տոկոսով՝ հասնելով 784,2 մլրդ ռուբլու: 

Նման ցուցանիշներ արձանագրվել են 2004 թվականին, երբ պետական պարտքի ծավալը հասել էր ՀՆԱ-ի 20.8 տոկոսի: Ամենաքիչ պարտքը Ռուսաստանն ունեցել է 2008 թվականին՝ ՀՆԱ-ի 6.5 տոկոսը: 

2020 թվականին դաշնային բյուջեի եկամուտները կանխատեսվածից քիչ են եղել. նավթագազային եկամուտները 2, 288 տրլն ռուբլիով քիչ են կատարվել, իսկ ոչ նավթագազային եկամուտները՝ 0,417 տրլնով ավելի: