Հետևեք մեզ նաև Telegram-ում

2020 թվականին Հայաստանում տնային տնտեսության մեկ շնչի հաշվով անվանական եկամուտը կազմել է 61 հազար ՀՀ դրամ, այդ թվում քաղաքային հատվածում կազմել է 66  հազար ՀՀ դրամ, իսկ գյուղական հատվածում՝ 54 հազար ՀՀ դրամ: EconoMood-ի հաղորդմամբ՝ ՀՀ վիճակագրության կոմիտեն հրապարակել է պարենային ապահովության և աղքատության մասին տարեկան զեկույցը:

2019թ. նախորդ տարվա համեմատ արձանագրվել է բնակչության անվանական դրամական եկամուտների աճի միտում: Այսպես, տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտներն աճել են 0.05%-ով: Դրամական եկամուտների աճ է արձանագրվել ինքնազբաղվածությունից՝ 22.9%, տրանսֆերտներից` 22.1%, գյուղմթերքի եւ գյուղատնտեսական կենդանիների վաճառքից՝ 13.7%, կենսաթոշակներից եւ նպաստներից` 1.0%:  Արդյունքում ավելացել են նաև վերը նշված աղբյուրներից ստացված եկամուտների մասնաբաժիններն ընդամենը դրամական եկամուտներում, համապատասխանաբար` 2.6, 2.0, 1.0 եւ 0.1 տոկոսային կետերով:

Դրամական եկամուտների անկում է արձանագրվել այլ եկամուտներից՝ 32.4%, վարձու աշխատանքից` 9.3%, որոնց մասնաբաժիններն ընդամենը դրամական եկամուտներում նույնպես նվազել են, համապատասխանաբար` 0.8 և 4.9 տոկոսային կետերով: Նվազել են նաեւ սեփականությունից ստացված դրամական եկամուտները՝ 2.7%-ով, սակայն վերջինիս մասնաբաժինն ընդամենը դրամական եկամուտներում մնացել է անփոփոխ:

Զեկույցի համաձայն` դրամական եկամուտների աճին զուգընթաց բեւեռացումը նույնպես աճել է: Այսպես, 2019թ. ամենաշատ ապահովված 10% բնակչության անվանական դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 17.3 անգամ գերազանցել են ամենաքիչ ապահովված  10% բնակչության եկամուտներին (2018թ.` 15.4 անգամ):

Տնային տնտեսությունների եկամտի հիմնական աղբյուրը վարձու աշխատանքն է, իսկ սպառման հիմնական ուղղությունը սննդամթերքը: Աշխատավարձն ապահովու է դրամական եկամուտների 48 տոկոսը, իսկ սննդամթերի սպառումն 34 տոկոսը: 

2019թ.-ին նախորդ տարվա համեմատ ամսական միջին անվանական սպառողական ծախսերը տնային տնտեսության մեկ շնչի հաշվով ավելացել են 3.4%-ով: Ծախսերի մեջ ավելացել են հանրային սննդի (2.3 անգամ), ոչ պարենային ապրանքների (31.0%-ով), գնված սննդամթերքի (10.1%-ով) ձեռքբերման համար կատարված ծախսերը: Միեւնույն ժամանակ արձանագրվել է ալկոհոլային խմիչքի (52.5%-ով), չգնված սննդամթերքի(37.4%-ով), ծառայությունների (9.8%-ով) եւ ծխախոտի (4.6%-ով) ձեռքբերման համար ծախսերի նվազում: