Հետևեք մեզ նաև Telegram-ում

Չինաստանը մեծ հնարավորություն ունի կրկնապատկելու իր տնտեսության չափը մինչև 2035 թվականը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ին: Նման տեսակետ է հայտնել Ամերիկայի բանկի տնտեսագետներից մեկը: EconoMood-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Cnbc.com-ը:

Չինաստանի ՀՆԱ-ի կրկնապատկումը պահանջում է միջին տարեկան 4.7 տոկոս աճ հաջորդ 15 տարիների ընթացքում, ինչը որոշների կարծիքով դժվար է հասնել: Այս մասին դեռ նոյեմբերին նաև հայտարարել է Չինաստանի նախագահը՝ նշելով, որ հնարավոր է մինչև 2035 թվականը ՀՆԱ-ն կրկնապատկել:

Չինաստանը աշխարհում այն քիչ տնտեսություններից մեկն էր, որն անցած տարի աճեց չնայած կորոնավիրուսային համաճարակի առաջ բերած մարտահրավերներին: Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Չինաստանի տնտեսությունն անցյալ տարի աճել է 2.3 տոկոսով, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը Չինաստանի համար այս տարվա համար կանխատեսել է 8.1 տոկոս աճ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 3.5 տոկոսով, իսկ ԱՄՀ-ն հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսությունն այս տարի կարող է աճել 5.1 տոկոսով:

Հիմնական խոչընդոտները, որոնք կարող են խանգարել Չինաստանի՝ 2035 թվականի տնտեսական նպատակների իրականացմանը, ներկայացված են ստորև.

  • Չինաստանի ծերացող բնակչությունը բացասաբար է անդրադառնում պոտենցիալ աճի վրա:
  • Չինաստանի մեծ պարտքային բեռը. պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կսպառնա տնտեսական կայունությանը
  • Երկրի ներդրումներով ուղեկցվող աճի մոդելը կայուն չէ և չի կարող աճ ապահովել ավելի երկարաժամկետ հեռանկարում:

Որպես հիմնական սպառնալիք, որը կարող է ազդել Չինաստանի տնտեսական աճի վրա, առանձնացվում է նաև Վաշինգտոնի և Պեկինի միջև հետագա լարվածությունը: Կառավարության միջոցառումները ներառում են պարտքի կայունացմանն ուղղված քայլերը և հետագա քաղաքաշինության և ծառայությունների ոլորտի բացմանն ուղղված նախաձեռնությունները: