Հետևեք մեզ նաև Telegram-ում

Համավարակի հետևանքով կուտակված մեծ անորոշության ներքո հասարակությունը դրսևորել է նախազգուշական վարքագիծ, ինչը գերակշռել է հարկաբյուջետային խթանմանը՝ հանգեցնելով ներքին պահանջարկի թուլացմանը և գնաճային ցածր միջավայրի պահպանմանը: EconoMood-ի փոխանցմամբ, ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2020 թվականի դրավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:

2020 թվականի չորրորդ եռամսյակում տնտեսության վերականգնման հեռանկարի և գնաճային զարգացումների տեսանկյունից լրացուցիչ անորոշություն է ստեղծել սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը և դրան զուգահեռ կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի բռնկումն ու արագ տեմպերով տարածումը։ Բացի դրանից, տարեվերջին արտաքին հատվածում համաշխարհային տնտեսական ակտիվության և արտաքին պահանջարկի վերականգնման սպասումները հանգեցրել են ինչպես միջազգային ապրանքահումքային շուկաներում, այնպես էլ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում գնաճային միջավայրի էական ավելացման, ինչի ներքո մի շարք ներմուծվող պարենային ապրանքների միջոցով գնաճային ճնշումներ են փոխանցվել ՀՀ տնտեսություն: Այս ամենի և դրամի արժեզրկման հետևանքով տարեվերջին ՀՀ-ում ձևավորվել է սպասվածից բարձր գնաճ, իսկ գնաճային սպասումներն ավելացել են:

2020 թվականի ընթացքում կորոնավիրուսի համավարակի և հայտարարված ռազմական դրության հետևանքով ՀՀ ֆինանսական շուկայում դրամային իրացվելիության նկատմամբ ձևավորված բարձր պահանջարկը ԿԲ-ն ամբողջությամբ բավարարել է իր հիմնական գործիքի՝ 7-օրյա ռեպո համաձայնագրերի միջոցով:

Շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները համապատասխանորեն արձագանքել են քաղաքականության տոկոսադրույքի փոփոխություններին և մեծամասամբ ձևավորվել են դրա շուրջ: Տարվա ընթացքում տնտեսաքաղաքական հեռանկարի հետ կապված անորոշության պայմաններում ՀՀ արժութային շուկայում արձանագրվել է ՀՀ դրամի որոշակի արժեզրկում: ԿԲ-ն, շարունակելով հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ֆինանսական շուկայի բնականոն գործունեության ապահովման նպատակով արժութային շուկայում ունեցել է իրավիճակային փոքր չափով մասնակցություն: Դեկտեմբերի վերջին, hաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի ու գնաճային սպասումների որոշակի արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի աճը, ԿԲ-ն որոշում է կայացրել մեծ քայլով՝ 1.0 տոկոսային կետով բարձրացնել հիմնական գործիքի տոկոսադրույքը։