Հետևեք մեզ նաև Telegram-ում

Պետական գնումների համակարգն անընդհատ փոփոխվում է՝ պայմանավորված պատվիրատուների և մասնակիցների մոտ առաջացած խնդիրների վերացմամբ, համակարգի արդիականացմամբ կամ միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների կիրառմամբ, ինչը վերջին շրջանում հանգեցրել է համակարգի փոփոխմանը միանգամից 2 ուղղություններով՝ օրենսդրական և ծրագրային։ Այժմ ավելի մանրամասն անդրադառնանք նշյալ փոփոխություններին։

Օրենսդրական փոփոխություններ․

ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 25-ի N 414-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել գործող Կարգում (ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված)։ Ամենակարևոր փոփոխությունները, թերևս, կապված են որակավորման, պայմանագրի և հայտի ապահովումների տրամադրման պայմանների փոփոխություններին, որոնք ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում այն ընկերությունների համար, որոնք մասնակցում են պետական գնումներին։ Մասնավորապես՝

Որակավորման ապահովման մասով․

  • Գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը գնումների բազային միավորի (գնումների բազային միավորը 1 միլիոն ՀՀ դրամ է) յոթանասունապատիկը չգերազանցելու դեպքում որակավորման ապահովման չափը ներկայացվում է ընտրված մասնակցի գնային առաջարկի տասնհինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ երեսուն տոկոսի չափով։

  • Գնումների բազային միավորի քսանհինգապատիկը չգերազանցելու դեպքում որակավորման ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ներկայացվում է երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով.

  • Գնումների բազային միավորի քսանհինգապատիկը գերազանցելու դեպքում որակավորման ապահովումը ներկայացվում է բանկերի կամ ապահովագրական կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքների կամ կանխիկ փողի ձևով։ Հարկ է նշել, որ պետական համակարգում առաջին անգամ ապահովագրական ընկերություններին տրվում է երաշխիքների տրամադրման լիազորություն, բայց միայն որակավորման ապահովման մասով․ այն չի վերաբերում հայտի և պայմանագրի ապահովումներին։

Համեմատության կարգով նշենք, որ նախկինում ընտրված մասնակիցների կողմից որակավորման ապահովում ներկայացվում էր պայմանագրի ընդհանուր գնի հարյուր տոկոսի չափով, ընդ որում՝ գնումների բազային միավորի տասնապատիկը գերազանցելու դեպքում այն ներկայացվում էր բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով։ Որակավորման ապահովման մասով մեկ այլ փոփոխությամբ սահմանվել է, որ որակավորման ապահովում ներկայացման պահանջը վերանում է այն մասնակիցների համար, որոնք որպես ընտրված մասնակից կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ, մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերպություն, հայտերը բացելու օրվա դրությամբ ունեն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված սուվերեն վարկանիշի չափով:

Հայտի և պայմանագրի ապահովումների մասով․

Հայտի և պայմանագրի ապահովումների մասով սահմանվում է, որ եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով:

Վստահաբար կարող ենք փաստել, որ բարեփոխումները կաշխատեն ի օգուտ մասնակիցների, քանի որ այս վերջին փոփոխությանը նախորդող փոփոխությամբ նշյալ ապահովումների կիրառումը մեծ դժգոհություններ էր առաջացրել մասնակիցների շրջանում։

Բացի դա, սահմանվել է նաև, որ  մինչև վերոնշյալ որոշումն ուժի մեջ մտնելը բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված որակավորման ապահովման գումարի չափը պայմանագիրը կնքած անձի պահանջով ենթակա է համապատասխանեցման վերոնշյալ որոշմամբ սահմանված ապահովման չափին, եթե առաջարկությունը ներկայացվել է որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 60-օրյա ժամկետում.

Ծրագրային փոփոխություններ․

Սույն թվականի մարտի 30-ից ողջ ծավալով կվերագործարկի էլեկտրոնային աճուրդի հարթակը (e-AUCTION): Պատվիրատուները պետք է առաջնորդվեն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշմամբ սահմանված դրույթներով, որով կարգավորվում է էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը, ինչպես նաև այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը, որոնց գնումն անհրաժեշտ է իրականացնել էլեկտրոնային աճուրդ կազմակերպելու միջոցով։ Էլեկտրոնային աճուրդի միջոցով իրականացվող գնման գործընթացը պարզ է թե պատվիրատուների, և թե մասնակիցների համար․պատվիրատուների դեպքում ավտոմատացնում են մի շարք գործողություններ, հարթակն ավելի դյուրին է դարձնում մասնակիցների կողմից ներկայացված հայտերի գնահատման, ընտրված մասնակից ճանաչելու գործընթացը, պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև կնքված պայմանագրերի մասին տեղեկատվության հավաքագրման և ավտոմատ կերպով հրապարակման գործընթացը, պայմանագրի ավտոմատ կերպով կազմման և էլեկտրոնային ձևով ստորագրման գործընթացը և այլն։ Մասնակիցների համար էլեկտրոնային աճուրդի հարթակը նույնպես ավելի պարզ է օգտագործման մեջ․ այն հնարավորություն է տալիս իրական ժամանակում նվազեցնել գնային առաջարկը՝ սահմանված ժամկետում իրականացնելով քայլեր։ Նշենք նաև, որ procurement.am կայքի «Օրենսդրություն» բաժնի «Ուղեցույցներ,ձեռնարկներ» ենթաբաժնում արդեն իսկ տեղադրված են էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման խմբագրված ուղեցույցները պատվիրատուների և տնտեսական օպերատորների (մասնակից ընկերությունների) համար։

North Mind Consulting