Հետևեք մեզ նաև Telegram-ում

Արդյունաբերողների արտադրանքի գները ԵԱՏՄ տարածքում 2021 թվականի հունվար-փետրվարին 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել են 8,3 տոկոսով։ Փետրվարին արդյունաբերական արտադրանքի տարեկան գնաճը կազմել է ավելի քան 10 տոկոս, ընդ որում դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներից ամենաբարձր գնաճն արձանագրվել է Ղրղզստանում, ապա Ռուսաստանում։

Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին գրանցված գնաճը պայմանավորված է հիմնականում վերամշակող արդյունաբերության մեջ արձանագրված գնաճով, որի գծով ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ղրղզստանում։ Հայաստանում վերամշակող արդյունաբերության արտադրանքի գները բարձրացել են մոտ 3 տոկոսով, ընդ որում Հայաստանում մշակող արդյունաբերության ծավալը դիտարկվող ժամանակահատվածում կրճատվել է. կտրուկ կրճատվել է ծխախոտի արտադրության ծավալը՝ ավելի քան 41 տոկոսով։ Արտադրական ծավալի աճ է գրանցվել սննդի, խմիչքների, մանածագործական արտադրատեսակների, հագուստի արտադրության և այլ ոլորտներում։ 

Հանքարդյունաբերության ոլորտում ամենաբարձր գնաճը արձանագրվել է Ղրղզստանում, ապա Հայաստանում՝ շուրջ 32 տոկոս, իսկ Ղազախստանում հանքարդյունաբերական արտադրանքի գները նվազել են։ Նկատենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, Հայաստանում հունվար-փետրվարին հանքարդյունաբերական արտադրատեսակների թողարկման ծավալներն ավելացել են 3 տոկոսով, մասնավորապես ավելացել են պղնձի, այլ միներալների թողարկման ծավալները։

Հայաստանում գների անկում է գրանցվել էլեկտրականություն, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 7,8 տոկոսով, որի գծով հանրապետությունում, ըստ պաշտոնական տվյալների, արտադրությունն ավելացել է մոտ 7 տոկոսով։