Հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գյուղատնտեսական կոոպերատիվներին ևս հնարավորություն է տրվում օգտվել հարկային արտոնություններից՝ իրենց անդամների գյուղարտադրանքի վաճառքը կազմակերպելիս:

Մինչև 2024 թվականի ավարտը գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից գյուղատնտեսական արտադրանքի օտարումն ազատված է շահութահարկով հարկումից: Սակայն, արտոնությունը կիրառելի է միայն այն դեպքերի համար, երբ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացվում է անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից, վերավաճառողների համար արտոնություն նախատեսված չէ:

Բոլոր այն դեպքերում, երբ գյուղատնտեսական կոոպերատիվն իր անդամների կողմից արտադրած գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն է կազմակերպում, գործող օրենսդրությամբ՝ արտոնությունը չի կիրառվում, քանի որ ստացվում է, որ իրացնողն արտադրողը չէ:

Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ այդ արտոնության կիրառության իմաստով գյուղատնտեսական արտադրանք արտադրող է համարվում նաև գյուղատնտեսական կոոպերատիվը: Նախագծով սահմանվում է նաև, որ գյուղատնտեսական կոոպերատիվներին անհատույց տրամադրվող դրամական միջոցները եկամուտ կճանաչվեն ոչ թե դրանց ստացման հարկային տարում ամբողջությամբ, այլ դրանց ծախսմանը կամ դրանց միջոցով ստեղծված ակտիվների գծով ծախսին համամասնորեն: