Հետևեք մեզ նաև Telegram-ում

«Մենք 1981-ից Հայաստանում ունենք ժողովրդագրական խնդիրներ. հիմնական պատճառն արտագաղթն է»։ EconoMood-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը։

«Այս տարի ծնունդների անկում է սպասվում, քանի որ արդեն ամուսնական տարիքում է 2000-ականների սերունդը, որոնք 1980-ականների սերնդից 40%-ով քիչ են, ամուսնություններ քիչ են լինելու», – նշել է Մարկոսյանը։

Նրա խոսքով` ծնունդների աճ անկախ Հայաստանում գրանցվել է միայն 2002-2010 թվականներին։ 2020թ-ին 2019թ-ի համեմատ 400–ով ավել երեխա է ծնվել (36 400 36 000-ի փոխարեն), սակայն դա մեծ չափանիշ չէ։

«Բարձրացել է նաև մայրանալու միջին տարիքը` դառնալով 28։ Համաձայն սոցհարցումների` ընտանիքների մեծ մասը Հայաստանում ուզում են երկրորդ, երրրորդ երեխան ունենալ, սակայն հնարավորությունները թույլ չեն տալիս», – ասել է Մարկոսյանը։

Մարկոսյանը հայտնել է` մշակվում է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բազմազավակ ընտանիքների երեխաների համար բակալավրում ուսումը և առողջական ծախսերն անվճար դարձնել։

«Կառավարությունն ավելացրել է նաև յուրաքանչյուր նորածնի համար տրվող գումարները։ Այս պահին առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքը պետությունից ստանում է 300 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1-ական միլիոն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխաների համար՝ 1,5–ական միլիոն դրամ: 2021թ-ին ծնելիության բարձրացման ծրագրերի համար կառավարությունը նախատեսել է 526 մլն դրամ (մոտ 1 մլրդ դոլար)», – ասել է նա։