Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի Կենտրոնական բանկը չի տեսնում միջազգային վճարային համակարգերից (Visa և MasterCard) անջատվելու հետ  կապված ռիսկեր: Այս մասին հայտարարել է  Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան: Այս մասին EconoMood-ը տեղեկանում է Vedomosti-ից:

«Եթե խոսենք այսօրվա վիճակի մասին, ես համարում եմ, որ այն բավականին հանգիստ է: Մենք չենք տեսնում որևէ ռիսկ միջազգային վճարային համակարգերից դուրս մնալու հետ կապված: Ես կարծում եմ, որ միջազգային վճարային համակարգերին դա ձեռնտու չէ»,- նշել է ԿԲ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Visa և Mastercard համաշխարհային վճարային համակարգերից Ռուսաստանին անջատելու հավանականությունը չէր բացառել երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա, պատժամիջոցների սահմանափակումներն այս պահին դրսեւորվում են տարբեր ձևերով և բավականին անկանխատեսելի, ուստի, հաշվի առնելով Արևմուտքի նույնիսկ թշնամական պահվածքը, ոչինչ բացառել չի կարելի:

Կրեմլի խոսնակը կարծիք հայտնել է, որ ռուսական «Мир» վճարային համակարգն արդեն «բավականաչափ ուժեղ է» և, ի վերջո, կգտնի համաշխարհային տարածում: Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալը ևս նշել է, որ Վճարային քարտերի ազգային համակարգը (NSPK) «հիանալի է աշխատում» և «փակում է քարտերով գործարքների խնդիրները» Ռուսաստանում: Բացի այդ հիշեցրել է նաև, որ «Мир» քարտերն օգտագործվում են 13 երկրի տարածքում:

Ավելի վաղ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանն աշխատում է տնտեսության ապադոլարիզացման և Արևմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերից հրաժարման ուղղությամբ: