Հետևեք մեզ նաև Telegram-ում

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: EconoMood-ի հաղորդմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:

2021 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 18 մլրդ 704 մլն 826 հազար դրամ հարկերով: 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն ավելացել է 918 մլն 575 հազար դրամով կամ շուրջ 5.2 տոկոսով։

2-րդ խոշոր հարկատուն ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմն է: Նրանց վճարած հարկերը 2021թ-ի հունվար-մարտին կազմել են 15 մլրդ 51 մլն 743 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 6 մլրդ 140 մլն 510 հազար դրամով կամ 68.9 տոկոսով:  

3-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ վճարած 9 մլրդ 770 մլն 690 հազար դրամի հարկերով: Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 4 մլրդ 665 մլն 514 հազար դրամով կամ շուրջ 91.4 տոկոսով:

4-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 4 մլրդ 139 մլն 508 հազար դրամ հարկերով: 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն նվազել է 58 մլն 12 հազար դրամով կամ շուրջ 1.4 տոկոսով:

5-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 775 մլն 493 հազար դրամ հարկերով: 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ նրանց վճարած հարկերը նվազել են 148 մլն 551 հազար դրամով կամ շուրջ 3.8 տոկոսով:

6-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ Հայաստան»-ն է։ Նրանք առաջին եռամսյակում վճարել են 3 մլրդ 549 մլն 246 հազար դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 148 մլն 838 հազար դրամով կամ շուրջ 4.4 տոկոսով:

7-րդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 140 մլն 576 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 12 մլրդ 122 մլն 904 հազար դրամով կամ շուրջ 4 անգամ:

8-րդ խոշոր հարկատուն «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 64 մլն 588 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 60 մլն 280 հազար դրամով կամ շուրջ 1.9 տոկոսով:

9-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 2 մլրդ 606 մլն 708 հազար դրամի հարկերով։ Ընկերության վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 279 մլն 24 հազար դրամով կամ շուրջ 32.8 տոկոսով:

1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիփիես Օիլ» ընկերությունը՝ վճարած 2 մլրդ 580 մլն 112 հազար դրամի հարկերով: Նրանց վճարած հարկերը եւս նվազել են, այս դեպքում՝ 1 մլրդ 821 մլն 419 հազար դրամով կամ շուրջ 41.4 տոկոսով:

Այսպիսով՝ առաջին տասնյակի խոշոր հարկատուներից միայն 3-ի վճարած հարկերն են աճել, մնացած 7-ինը նվազել են 2021-ի առաջին եռամսյակում:

Հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ: ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2020թ. առաջին եռամսյակին վերաբերող ցուցանիշները: