Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում փետրվարին տնտեսության կրճատման տեմպը դանդաղեց, իսկ վերջին շրջանում բարելավվեց մարդկանց շարժունակությունը՝ ցույց տալով տնտեսական ակտիվության վերականգնման նշաններ, այնուամենայնիվ, քովիդ-19-ով վարակման դեպքերի աճը կարող է դանդաղեցնել վերականգնման ընթացքը: EconoMood-ի փոխանցմամբ, տնտեսության ներկա վիճակն ամփոփել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։

Ըստ հրապարակված ամփոփ զեկույցի, մարտին գնաճը 5.8%-ով բարձրացավ՝ պայմանավորված պարենի միջազգային գների աճով և ՀՀ դրամի արժեզրկմամբ: Բարելավվեց առևտրային մնացորդը, վերականգնվեց արտահանումը, իսկ ներկրման ցածր ծավալները պահպանվեցին ներքին ակտիվության աստիճանական աճի արդյունքում: 

Օգտակար հանածոների արտահանման ուղղությամբ գրանցված աճը, որը պայմանավորված էր պղնձի ավելի բարձր գներով (նույնիսկ պղնձի արտահանման ծավալների անկման պարագայում), չեզոքացնող ազդեցություն ունեցավ սննդամթերքի և թանկարժեք քարերի արտահանման ծավալների կրճատման վրա: Ներկրման գործառնությունները փետրվարին նվազեցին 13.6 տոկոսով՝ արտացոլելով ներքին պահանջարկի դանդաղ վերականգնումը: 2021թ. առաջին երկու ամսում առևտրային դեֆիցիտը նվազեց 30 տոկոսով: Ելնելով վերջերս հրապարակված 2020թ. վճարային հաշվեկշռի (ՎՀ) տվյալներից՝ ընթացիկ հաշվի դեֆիցիտը բարելավվել է՝ 2019թ. ՀՆԱ-ի 7.2 տոկոսի համեմատ կազմելով 2020թ. ՀՆԱ-ի 3.1 տոկոսը, քանի որ ներկրման ծավալների էական կրճատումը մասամբ չեզոքացվեց մասնավոր տրանսֆերտների 12 տոկոսով նվազման արդյունքում։

Բանկային ոլորտի աճի տեմպի դանդաղումը շարունակվեց, իսկ հուսալիության ցուցանիշները թուլացան փետրվարին: Վարկերը (ճշգրտված փոխարժեքային փոփոխություններով) կրճատվեցին 2 տոկոսով, թեպետ շինարարության ոլորտին տրամադրվող և հիպոթեքային վարկերի ծավալը մեծացավ: Ավանդները ևս նվազեցին 2 տոկոսով, իսկ չաշխատող վարկերը փետրվարի վերջին աճեցին՝ կազմելով 7.5 տոկոս, մինչդեռ շահութաբերության ցուցանիշները ընկան: Կապիտալի համարժեքության ցուցանիշը մնաց շուրջ 17 տոկոսի մակարդակում, ինչը 12 տոկոս նվազագույն շեմից շատ ավելի բարձր է:

Հունվարին 65 մլրդ դրամի հավելուրդ ունենալուց հետո փետրվարին բյուջեն գրանցեց 47 մլրդ դրամի դեֆիցիտ: Վերջինս պայմանավորված էր ծախսերի կտրուկ աճով (10 տոկոս սոցիալական և 75 տոկոս կապիտալ ծախսերի աճ) և եկամուտների 6 տոկոս նվազմամբ: Փետրվարին ԱԱՀ-ի գծով հավաքագրումները կտրուկ կրճատվեցին, ինչը մասամբ չեզոքացվեց ակցիզային հարկերից և մաքսատուրքերից ստացված մուտքերի աճով (համապատասխանաբար 16 և 21 տոկոսով): Փետրվարի վերջի դրությամբ բյուջեն ունեցավ 18 մլրդ դրամի կուտակային հավելուրդային մնացորդ: