Հետևեք մեզ նաև Telegram-ում

2020թ.-ի մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով։ EconoMood-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնելով հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփված 2021 թվականի մարտ ամսվա ցուցանիշները: 

Մասնավորապես, 2021թ. մարտ ամսվա տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 622.5 հազար, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է շուրջ 2.5 հազարով, 2019թ. մարտի համեմատությամբ` 38.5 հազարով, իսկ 2018թ. մարտի համեմատությամբ` 85.5 հազարով: Սա նշանակում է, որ աստիճանաբար վերականգնում է կորոնավիրուսային համավարակի հետևանքով աշխատատեղերի կրճատման հետևանքները։

Միաժամանակ, 2021 թվականի մարտին` նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել են նաև եկամուտները (հարկման բազան), եկամտային հարկը, ինչպես նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան): Մասնավորապես` այս տարվա մարտին եկամուտը կազմել է 131.5 մլրդ դրամ, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է 7.8 մլրդ դրամով, 2019թ. մարտի համեմատ` 24.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. մարտի համեմատ` 38 մլրդ դրամով:

Եկամտային հարկը 2021թ. մարտին կազմել է 28.2 մլրդ դրամ, 2020թ. մարտին` 27.9 մլրդ դրամ, 2019թ. մարտին` 27 մլրդ դրամ, իսկ 2018թ. մարտին` 23.3 մլրդ դրամ:

Մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան) 2021թ. մարտին կազմել է 211 300 դրամ, ինչը 2020թ. մարտ ամսվա նույն ցուցանիշից ավելի է 11 800 դրամով, 2019թ. մարտի համեմատությամբ` 27 400 դրամով, 2018թ. մարտի համեմատությամբ` 37 200 դրամով:

Եթե 2021թ.-ին շարունակվի պահպանվել աշխատատեղերի թվաքանակի և եկամուտների ավելացման մարտ ամսվա տեմպերը, կարելի է ենթադրել, որ ՀՀ տնտեսությունն աստիճանաբար վերականգվում է՝ աստիճանաբար դուրս գալով ճգնաժամային իրավիճակից։ Թեև վերոնշյալ վիճակագրությունն դրական ազդակ է  հաղորդում տնտեսական բնականոն գործունեության վերականգման մասին, սակայն ամբողջական գնահատականներ հնարավոր է հնչեցնել միայն բազմագործոն վերլուծություն իրականացնելուց հետո։