Հետևեք մեզ նաև Telegram-ում

2020 թվականի ամբողջ ընթացքը և արդյունքները բացահայտել են, որ, չնայած համաշխարհային և տարածաշրջանային խորքային ցնցումներին, մեր երկրում ձևավորված պետական ինստիտուտների կայացածության աստիճանը՝ բոլոր թերություններով հանդերձ, թույլ է տվել արձանագրել, որ տարին ամփոփվել է մակրո և հարկաբյուջետային հարաբերական կայուն իրավիճակում։ Կառավարության նիստի ընթացքում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ամփոփել է 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

Ատոմ Ջանջուղազյանը ներկայացման ընթացքում նշել է, որ ՀՀ կառավարության պարտքը ՀՆԱ հարաբերակցությունը 2019 թվականի վերջին կազմում էր 50 տոկոսից ցածր, ինչը հնարավորություն տվեց նոր պարտք ներգրավելու ճանապարհով պահել հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճգնաժամային ժամանակահատվածի համար։ Ա. Ջանջուղազյանի խոսքով, սրա արդյունքում գրանցվեց ավելի մեծ դեֆիցիտ, քան ի սկզբանե ծրագրավորված էր. «Սկզբում բյուջեով նախատեսված էր 2.3 տոկոս ՀՆԱ-ի չափով դեֆիցիտի մեծություն կամ բացարձակ թվով մոտ 161 մլրդ ՀՀ դրամ, սակայն փաստացի ունեցանք 334 մլրդ ՀՀ դրամ կամ ՀՆԱ-ի շուրջ 5.5 տոկոս, ինչը այն գինն է, ըստ էության, որը վճարվել է, որպեսզի կարողանանք մեղմել տնտեսական անկման ազդեցությունը, ինչը պայմանավորված էր երկու հիմնական գործոններով»։

Ա. Ջանջուղազյանը շեշտել է, որ կառավարության պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է հարկաբյուջետային կանոններով սահմանված 60 տոկոսի շեմը, ինչը կառավարությանը պարտավորեցնում է նույն կանոններով ներկայացնել այնպիսի հարկաբյուջետային քաղաքականության նախագծում և մակրո շրջանակ, որպեսզի 5 տարվա ընթացքում վերադառնանք 60 տոկոսից ցածր շեմին։

Բյուջեի կատարման հաշվետվությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։