Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին տարեկան կտրվածքով աճել է 3.8 տոկոսով, իսկ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել 2 տոկոսով։ EconoMood-ի փոխանցմամբ, ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մարտ ամսվա նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Մարտին տարեկան կտրվածքով արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 3.8 տոկոսով, շինարարության ծավալը՝ մոտ 12 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 4.6 տոկոսով։ Ծառայությունների ծավալն աճել է 0.9 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 18.3 տոկոսով։

Գնաճը կազմել է 5.6 տոկոս՝ գերազանցելով Կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշը։

Արտաքին առևտրի կտրվածքով ևս աճ է նկատվում. ծավալն ավելացել է 1.07 տոկոսով, ընդ որում, արտահանման աճը կազմել է մոտ 22 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 5 տոկոս։

Ընթացիկ տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում են գրանցել տնտեսության գրեթե բոլոր ոլորտները. ավելացել են շինարարության ծավալները՝ մոտ 5 տոկոսով։ Աճ է գրանցվել նաև արտահանման գծով՝ 3 տոկոս։ Դիտարկվող ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 1.4 տոկոսով։ Գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 1 տոկոս։ Ամենամեծ անկումը գրանցվել է ծառայությունների ոլորտում՝ արձանագրելով 8 տոկոս անկում։ Ներմուծումը կրճատվել է շուրջ 8.7 տոկոսով։ Դիտարկվող ժամանակահատվածում գնաճը կազմել է 5.2 տոկոս։