Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում ապահովված են բոլոր ենթակառուցվածքները պատվաստման գործընթացը, դիմելու ձևերը հեշտացնելու համար, մասնավորապես քաղաքացին անկախ նրանից, թե որ պոլիկլինիկային է կցված՝ կարող է պատվաստվել ցանկացած պոլիկլինիկայում։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավետիսյանը։ 

EconoMood-ն առանձնացրել է հիմնական կարևոր շեշտադրումները Հայաստանում կորոնավիրուսի տարածման և պատվաստման վերաբերյալ.

  • 18 տարին լրացած ցանկացած քաղաքացի անկախ նրանից, թե որ պոլիկլինիկային է կցագրված՝ կարող է պատվաստվել։
  • Իսրայելում և Մեծ Բրիտանիայում, որտեղ պատվաստման ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը, հստակ երևում է կապը պատվաստման և կորոնավիրուսի հաղթահարման միջև։
  • Այն քաղաքացիները, որոնք չեն ունենա «կանաչ անձնագիր» կամ պատվաստված չեն լինի, չեն կարողանա ազատ ճամփորդել։
  • Աշխարհում գոյություն ունեցող բոլոր պատվաստանյութերը ունեն պիտանելիության ժամկետ և բնականաբար քաղաքացիները կպատրաստվեն միայն պիտանելիության ժամկետ ունեցող պատվաստանյութերով։
  • Մշակվել է հավելված, որտեղ պատվաստված քաղաքացիները կունենան բար կոդը, որը կհավաստի իրենց պատվաստված լինելու մասին։
  • Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ՝ ներկրելու 1 մլն չափաքանակ պատվաստանյութ։
  • Կառավարությունը պատվաստանյութ կստանա նաև Չինաստանից։

Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 215 հազար 528 դեպք, որոնցից 197 հազար 171-ն` առողջացած, 4087-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 հազար 257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 979 հազար 060 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4284 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպք: Ունենք 882 առողջացած և 16 մահվան դեպք: