Հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում ձևավորվի անհրաժեշտ հարկային միջավայր՝  ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, համաձայնություն է ձեռք բերվել ինստիտուցիոնալ բիզնես վարողների, մասնավորապես ավտոմոբիլներ արտադրողների պաշտոնական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք արձանագրել են, որ ներկա հարկային կարգավորումները ոչ միայն չեն նպաստում Trade In համակարգի իրացմանը, այլ ընդհակառակը խոչընդոտում են։ 

Համատեղ համագործակցության արդյունքում ձևավորվել է փաթեթ, ինչը ենթադրում է, որ այս գործունեության տեսակը կլինի լիցենզավորվող, որպեսզի միայն ինստիտուցիոնալ կազմակերպությունները կարողանան իրականացնել, իսկ իրավական դաշտի տեսանկյունից կձևավորվի հարթակ, ինչը հիմք կհանդիսանա Հայաստանում ավտոմեքենաների երկրորդային շուկայի կայացման համար։

Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները: Արդյունքում ակնկալվում է վերացնել Trade-in համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները:


Trade-in համակարգի ներդրումը հնարավորություն կտա թարմացնել ավտոմեքենաների պարկը և ավելի հեշտ կլինի քաղաքացիների համար հին ավտոմեքենան նորով փոխանակել։

Ի՞նչ հարկային խոչընդոտներ են առկա
Ներկա կարգավորումներով, երբ Ֆիզիկական անձը վաճառում է իր ավտոմեքենան ընդհանուր հարկման համակարգում գործող կազմակերպությանը (ֆիզիկական անձը ԱԱՀ վճարող չէ), այդ կազմակերպության մոտ առաջանում է պարտավորություն ամբողջ արժեքի չափով, ինչն էլ խոչընդոտում է համակարգի կայացմանը։

Մյուս խոչընդոտն այն է, որ ֆիզիկական անձի դեպքում ճանաչվում է եկամուտ, որի 10 տոկոս եկամտային հարկի պարտավորության կատարումը նույնպես դառնում է տվյալ կազմակերպության պարտավորությունը։